3-րդ ապարդյուն հրադադարը. Ադրբեջանը շարունակում է արհամարհել միջազգային հանրությանը
26 Հոկրեմբերի 2020
ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո, որը ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը: Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում:
Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ:
Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:
Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը: Մասնավորապես ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ:
ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար:
Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություն է ստացել, որ ադրբեջանական կողմը, խախտելով հոկտեմբերի 25-ին հաստատված՝ հրադադարի մասին պայմանավորվածությունը, շարունակել է հրթիռակոծել Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերը:
Օրվա ընթացքում տևական հրթիռակոծության են ենթարկվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը, որտեղ մեկ ժամ առաջ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հարվածների հետևանքով զոհվել է քաղաքացիական մեկ անձ՝ Գևորգ Համբարձումյանը, վիրավորվել են քաղաքացիական երկու անձինք՝ Հենրիխ Ադամյանը և Անդրեյ Համբարձումյանը:
Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է: Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև` տանկեր:
Երեկ մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվել է գրավել Կուբաթլուն և առաջանալ որոշ ուղղություններով:
Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը, որոնց հետ միացած են ահաբեկչական տարբեր կազմակերպություններ, ինչպես նաև այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումներ, հարավարևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում են ձեռնարկեել մի քանի ուղղություններով միաժամանակ հրետակոծելով և ռմբակոծելով Արցախի քաղաքները: Կա պաշտոնական հաղորդագրություն քաղաքացիական անձանց մասին։
Ողջ օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը։ Հակարակորդը որոշ տեղերում թվացյալ հաջողություն է ունեցել, սակայն մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով հետ վերցնել և վերականգնել առաջնագիծը:
Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները: Որոշ դիվերսիոն խմբեր, թողնելով մեքենաներ, փախել են, բայց մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են։ Որոնողական և ջախջախման գործընթացները այս ուղղությամբ շարունակվում են։