ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇԱԲԱԹԱՎԵՐՋԻՆ

01 Նոյեմբերի 2020

ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Յուրային զորքերի կողմից խոցվել են նաև թշնամական 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա և 5 անօդաչու թռչող սարք:

Առավոտյան վերսկսվել են մարտական գործողությունները նշված ուղղություններում: Հակառակորդը շարունակում է բացի պաշտպանական բնագծերից թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Թշնամական ուժերը կիրառել են նաև Ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր (սպիտակ ֆոսֆոր) պարունակող զինատեսակ:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները:

Նամակում, մասնավորապես, ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և վերջիններիս Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը:

Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկամամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և  1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:

Հակառակորդը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը,  հրթիռակոծել է Ստեփանակերտն ու Շուշին: Ստեփանակերտում թշնամական ուժերի թիրախում հայտնվել է կենտրոնական շուկան ու մեկ բնակելի տուն: Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ:

Ադրբեջանաարցախյան հակամարտության գոտում թշնամական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ, ինչը  հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի,  սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում և, բացի հայկական ուժերին վնասներ պատճառելու նպատակ հետապնդելուց, նաև խնդիր ունի առաջացնել մասսայական անտառային հրդեհներ ու տվյալ տարածքում ստեղծել բնապահպանական աղետի իրական վտանգներ:

Վերոնշյալ գործողությունների արգելքը և արդյունքում պաշտպանվող իրավունքներն ու արժեքները գտնվում են նախևառաջ սովորութային իրավունքի տիրույթում, իսկ նման զենքերի օգտագործումը, որոնք հնարավորություն չեն տալիս հստակ տարբերակելու ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտները, միաժամանակ պատճառ են հանդիսանում բնապահպանական աղետի ու հնարավոր մարդկային կորուստների, հանդիսանում են պատերազմական հանցագործություններ։

Ադրբեջանն շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։

Առավոտյան Ստեփանակերտը, կեսօրին  Մարտունի և Մարտակերտ քաղաքները,  իսկ այս պահին Շուշին է  հայտնվել թշնամու արձակած  տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում։

Տուժածների և կրած վնասների մասին տվյալները ճշտվում են։

Հակառակորդը փորձել է կատարել հարձակման փորձեր ռազմաճակատի ամբողջ երկարությամբ, այդ փորձերը հատկապես ինտենսիվ են եղել Մարտունու և Շուշիի ուղղություններով։ Մարտունու ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները կատարել են մարտավարական խուսավարումներ՝ առաջնագիծը մարտ վարելու համար ավելի հարմար դարձնելու նպատակով։ Դա մարտավարության մի մասն է։

Երկրորդ ուղղությամբ ՊԲ-ին հաջողվել է գուշակել հակառակորդի հավանական գործողությունները և նրանց առաջ եկող շարասյուներն ու կենդանի ուժը ոչնչացնել մեկ վայրում։

Այդ վայրն այսուհետ ադրբեջանցիները կարող են անվանել Դժոխքի ձոր, որովհետև այդ վայրում ունեցել են մեծաթիվ կորուստներ, և լիովին ձախողվել է նրանց մտահղացումը։

Ներկայումս ՊԲ ստորաբաժանումները վստահորեն զբաղեցնում են իրենց բնագծերը, վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և պատրաստ են կասեցնել հակառակորդի բոլոր ոտնձգությունները:

Ցուցադրվեց երկրորդ վարձկան ահաբեկիչը, ով խոստովանեց, թե ինչպես է հավաքագրվել, վճարվել և կիրառվել մյուս վարցկանների հետմիասին: Որպես ինչ և ինչպես են նրան ադրբեջանցիները օգտագործում մեր դեմ:

Ինչքան էլ Թուրքիան ու Ադրբեջանը փորձեն հերքել վարձկան ահաբեկիչների առկայությունը և կիրառությունը մարտական գործողությունների համար, մենք շատ լավ գիտենք և տիրապետում ենք ամբողջական տեղեկությունների՝ որտեղ, որ տեղամասում, ինչպես են նրանց առաջադրանքներ տրվում, ինչ խնդիր են փորձում նրանցով լուծել։ Նրանցով առաջին գծում կոնկրետ խնդիրների կատարման փորձերը վկայում են նաև այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է և հիմնական հույսը մնացել են այս վարձկանները։

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office