Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները խաղաղ բնակչության նկատմամբ
06 Նոյեմբերի 2020
Նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական արդյունավետ մարտեր են վարել և թշնամական ուժերին ռազմատեխնիկական ու մարդկային մեծաթիվ կորուստներ պատճառել արևելյան, հարավային ու հարավ-արևմտյան հատվածներում:
Շուշիի ուղղությամբ Ադրբեջանի գրոհային խմբերի բազմակի հարձակման փորձերը նույնպես կասեցվել են: Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել նաև հարավ-արևմտյան՝ Բերձորի հատվածում:
Խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները։
Օրվա ընթացքում կասետային հրթիռներ են արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ, ավերել ու նյութական մեծ վնաս պատճառել բնակիչներին։
Ստեփանակերտում հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել է քաղաքացիական 3 անձ:
Արցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում դիերը հանել են փլատակների տակից:
Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները:
Ադրբեջանական ուժերի հաջորդ թիրախը Շուշին է։ Ադրբեջանաթուրքական հանցավոր ագրեսիայի հետևանքով Արցախի մշակույթի մայրաքաղաքում ևս ավերածություններն ու վնասների չափն անհաշիվ են։