Գլխավոր հանձնակատարը հանդիպեց Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ
23 Հունվարի 2021
Արցախ աշխատանքային այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը, մեր գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը, Արցախի նախագահի՝ սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արցախում բնակարանային ծրագրերը, նշվեց, որ առկա են մինչև 10 հազար արցախցի ընտանիքներ, որոնք այս պահին կացարանի կարիք ունեն: Գլխավոր հանձնակատարն ընդգծեց, որ այցի նպատակը հենց տեղում իրավիճակին և կարիքներին ծանոթանալն է այն սփյուռքին ներկայացնելու և Արցախի զարգացման գործին արդյունավետորեն ներգրավելու համար: Կողմերը շեշտեցին, որ օր առաջ պետք է սկսել բնակարանաշինական աշխատանքները:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համագործակցությունը և սփյուռքի տարբեր համայնքներին ներգրավել Արցախի գյուղերի և քաղաքների վերաշինման և ամրապնդման աշխատանքներին:
Այնուհետ Զարեհ Սինանյանը Արամ Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց արագ կառուցվող փայտե բնակարաններ: