Զարեհ Սինանյանը հանդիպեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ
23 Հունվարի 2021
Ստեփանակերտում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Նախագահը ներկայացրեց Արցախում տիրող սոցիալ–տնտեսական, անվտանգային իրավիճակը: «Մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը, սակայն չենք կորցրել ապրելու, արարելու և զարգանալու մեր իրավունքը»,–նշեց Արայիկ Հարությունյանը:
Գլխավոր հանձնակատարն ընդգծեց, որ չնայած սփյուռքում տիրող անկումային տրամադրություններին՝ քիչ չեն անհատներն ու կազմակերպությունները, որոնք ցանկանում են նոր թափով իրենց ներդրումն ունենալ Արցախի զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում հատկապես կարևորվեցին բնակարանաշինության, զարգացման, գյուղական բնակավայրերի ամրապնդման ծրագրերի իրականացումը:
Երկուստեք կարևորվեց, որ սփյուռքը հնարավորության պարագայում ֆիզիկական կապ պահպանի Արցախի հետ՝ տեսնելով, որ Արցախում մարդիկ շարունակում են ապրել, աշխատել, դպրոց ու մանկապարտեզ հաճախել, վարել բնականոն կյանք: