Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց «իԳործ» ծրագրի մասնակիցներին

26 Հունվարի 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ՀՀ կառավարությունում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին: 49 բարձրակարգ մասնագետներն այժմ աշխատում են 19 պետական մարմիններում: «Այս ծրագիրը մենք նախապատրաստել ենք շատ մեծ խանդաղատանքով, մեծ սպասումներով ու հույսերով: Եվ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել նաև, որ այս դժվար, չափազանց դժվար ժամանակշրջանը ներսից կիսել եք մեզ հետ:

Եվ հիմա՝ այս թեման և գաղափարը, որն ի սկզբանե դրված էր ծրագրի հիմքում, ավելի հրատապ և ավելի սուր է դառնում, որովհետև այն մարտահրավերները, որոնք կան երկրի առաջ, իհարկե, մեր ազգային ինտելեկտուալ և ընդհանրապես ներուժի համախմբման միջոցով է հնարավոր լուծել»,-նշեց վարչապետ Փաշինյանը: Նա նաև ընդգծեց, որ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում սփյուռքից այսքան ներկայացուցիչների ներկայությունն արդեն իսկ խոսում է, որ ծրագիրը հաջողել է: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ անդրանիկ «իԳործ»-ի ընթացիկ արդյունքները վկայում են, որ այն համապատասխանում է դրա հիմքում դրված տեսլականին: Այնուհետ «իԳործ»-ցիներն անկեղծ մթնոլորտում վարչապետին ներկայացրին իրենց մշակած ծրագրերը, ռազմավարություններն ու առաջարկությունները:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office