Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռոստովի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
21 Ապրիլի 2021
Ռոստովի Ռուս-հայկական բարեկամության թանգարանում ապրիլի 21-ին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչների հետ:
Ռուսաստանի ամենախոշոր հայ համայնքներից մեկը հանդիպմանը ներկայացված էր համայնքի ղեկավարի, Դոնի Ռոստովի հայ երիտասարդների միության, իրավաբանների, ուսուցիչների, գիտնականների շրջանակով:
Զարեհ Սինանյանը ներկայացրեց 2021 թվականին գրասենյակի ծրագրերը և գործունեությունը: Քննարկվեցին Հայաստան-սփյուռք համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ սփյուռքի ներգրավվածությունը հայրենիքի հասարակական-քաղաքական կյանքին, Հայաստանի ներդրումային դաշտի բարելավումը, հայրենադարձության գործընթացի ակտիվացումը:
Անդրադարձ կատարվեց նաև գրասենյակի ծրագրերի ընդլայնմանը և Հայաստանից դասագրքերի առաքման խնդիրներին:
Ռոստովի հայ համայնքի ներկայացուցիչները ցանկություն հայտնեցին հաճախ կազմակերպել նման հանդիպումներ և Գլխավոր հանձնակատարին նվիրեցին Ցեղասպանության մասին եռալեզու գիրք: