Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով առաջին անգամ գտնվում է Դոնի Ռոստովում
20 Ապրիլի 2021
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով առաջին անգամ գտնվում է Դոնի Ռոստովում: Այցի նպատակն է հանդիպել համայնքային ակտիվիստների հետ, այցելել հայկական կենտրոններ և ներկա գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված առաջին մեծ մուլտիմեդիա ցուցահանդեսին:
Այսօր Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատություն, որի ընթացքում հանձնակատարին է ներկայացվել Ռուսաստանի հարավային մասին հայ համայնքի հետ հյուպատոսության աշխատանքը, խնդիրները, ինչպես նաև Հայաստանի հետ մշակութային-հասարակական համագործակցությունը:
Գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի և հայ համայնքի ղեկավար Հարություն Սուրմալյանի ուղեկցությամբ Զարեհ Սինանյանն այցելեց «Բարեկամության զբոսայգի», որտեղ մայիսի 5-ին հանդիսավոր արարողությամբ կբացվի մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին: Այնուհետ Գլխավոր հանձնակատարն այցելեց 18-րդ դարում կառուցված Սբ. Խաչ հայկական եկեղեցի, որն առաջին քարակերտ շինությունն է տարածաշրջանում և ունի ՌԴ ֆեդերալ նշանակության հուշարձանի կարգավիճակ։