Գլխավոր հանձնակատարը Ռոստովում այցելել է «Ո՛չ ցեղասպանությանը» առաջին մուլտիմեդիա ցուցադրություն
21 Ապրիլի 2021
Հայոց ցեղասպանության օրվան ընդառաջ՝ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ռոստովում այցելել է «Ո՛չ ցեղասպանությանը» առաջին մուլտիմեդիա ցուցադրություն: Այն անցկացվում է «Ռուսաստան՝ իմ պատմություն» ամենախոշոր ցուցասրահում:
Աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ծանոթացել է ցուցանմուշներին, որոնք ներկայացված են նոր տեսաձայնային լուծումներով:
«Կազմակերպիչներն ահռելի աշխատանք են կատարել: Այս ցուցադրությունը բարձր կոչ է աշխարհին չմոռանալ հայոց պատմության ամենասարսափելի օրերը և ճանաչել ցեղասպանության փաստը»,-նշել է Զարեհ Սինանյանը:
Ցուցադրությունը պատրաստվել և կազմակերպվել է Դոնի Ռոստովի հայ երիտասարդական միության կողմից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և տեղի հայ համայնքի հետ համագործակցությամբ: Այն կգործի մինչև ապրիլի 25-ը։