Գլխավոր հանձնակատարը Նյու Յորքում հանդիպեց Ամերիկայի հայ իրավաբանների ասոցիացիայի անդամների հետ
30 Ապրիլի 2021
Նյու Յորքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հաջորդ հանդիպումը Ամերիկայի հայ իրավաբանների ասոցիացիայի անդամների հետ էր: Գլխավոր հանձնակատարը նախ շնորհակալություն հայտնեց իրավաբաններին պատերազմի ընթացքում և հետո ցուցաբերած կարևոր աջակցության համար: Ժամեր տևած հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին սփյուռքի մասնագիտական ներուժը Հայաստանի կառավարման համակարգին ներգրավելու օրենսդրական խոչընդոտները, հետպատերազմյան իրավիճակը, դասերն ու խնդիրները: Ամերիկահայ իրավաբանները ներկայացրին իրենց ակտիվ գործունեությունը և նշեցին, որ այժմ աշխատում են մի շարք նախաձեռնությունների ուղղությամբ և պատրաստակամ են աջակցել հայրենիքի զարգացմանը: Կարևորվեց հունիսի 5-ին կայանալիք UNITED-AIO մասնագիտական առցանց համաժողովը, որը նպատակ ունի տարբեր երկրներից հավաքել հայ պրոֆեսիոնալներին և քննարկել Հայաստան-սփյուռք համագործակցության մասնագիտական շերտը: Հանդիպման ավարտին կողմերը ձեռք բերեցին մի շարք պայմանավորվածություններ: