Մեկնարկեց «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ճամբարային ծրագիրը

21 Հունիսի 2021

Լիբանանից մինչև Իսպանիա, Գերմանիայից մինչև ԱՄՆ, Ռուսաստան, Վրաստան, Իրան և Ուկրաինա. սփյուռքահայ պատանիները դարձյալ հայրենիքում են: Այսօր մեկնարկեց «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ճամբարային ծրագրի առաջին փուլը: 8 երկրից ժամանած շուրջ 100 պատանիներին ողջունեց ու բարի գալուստ մաղթեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ նշելով, որ մեկ տարի ընդմիջումից հետո հայրենիքը կարոտել էր սփյուռքի երեխաներին, նրանց ջերմությունն ու ժպիտները:

14-օրյա ծրագրի ընթացքում սփյուռքահայ պատանիները կանցնեն հայոց լեզվի, հայրենաճանաչության, երգ ու պարի դասընթացներ, կայցելեն Հայաստանի ամենագեղեցիկ վայրերը, կծանոթանան հայրենիքի կրթական հնարավորություններին, բազմաթիվ հանդիպումներ կունենան:

«Քայլ դեպի տան» գլխավոր գործընկերն է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը, որն իրականացնում է ծրագրի ամբողջ ուսումնական բաղադրիչը:

Ծրագրի գործընկերներն են նաև Հայաստանի ամերիկյան համալսարանը, ՀԲԸՄ վիրտուալ համալսարանը, «Վորլդ Վիժն», «Արտա Տուր» կազմակերպությունները, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը:

«Քայլ դեպի տունն» այս տարի կանցկացվի 4 փուլով՝ հյուրընկալելով 13-18 տարեկան 400 սփյուռքահայ պատանիների:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office