Սփյուռքի երիտասարդ դեսպանները ուսումնասիրում են հայրենիք-սփյուռք կապը
29 Սեպտեմբերի 2021
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներն արդեն երկու օր առավոտից մինչ երեկո հանդիպումներ և դասընթացներ են ունենում:
Առաջին օրը նրանք սկսեցին քաղաքագետ Էրիկ Հակոբյանի հետ Հայաստանի քաղաքական զարգացումների վերաբերյալ քննարկմամբ: «Ամերիա» ընկերության կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը մասնակիցներին ներկայացրեց Հայաստան-սփյուռք հարաբերությունների բիզնես օրակարգը: Հայրենադարձության գործընթացի ամենաարդիական հարցերի շուրջ մասնակիցներին համախմբեց մեր գրասենյակի հայրենադարձության գծով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը: Երիտասարդ դեսպաններն այնուհետ մշակեցին ծրագրեր, որոնք կաջակցեն հայրենադարձության ակտիվացմանը:
Ծրագրի երկրորդ օրը մասնակիցները մեկնարկեցին Ազգային ժողով այցով, որտեղ հանդիպեցին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանին: Քննարկվեց «Հայրենադարձության մասին» օրենքի նախագիծը: Մատենադարանում շրջայցը դարձավ օրվա ճանաչողական մասերից մեկը, որից հետո երիտասարդ դեսպանները հանդիպեցին բիզնես քոուչ Նինա Մեհրաբյանի հետ: Նա պատմեց համայնքային կյանքին առավել ներգրավվածություն ապահովելու մեխանիզմների մասին: Օրն ամփոփվեց «Skill Event Marketing Company»-ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցի հետ, որը համայնքային միջոցառումների կազմակերպման կարևոր հմտություններ փոխանցեց մասնակիցներին: