Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ներկայացուցիչներ կունենա համայնքներում
21 Հոկրեմբերի 2021
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ներկայացուցիչներ կունենա համայնքներում: Այդ մասին որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում:
Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ներդրման նպատակն է զարգացնել Հայաստան-սփյուռք գործակցությունը, բարձրացնել այդ բնագավառում իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, ապահովել հայ համայնքների միջև կայուն հարաբերությունները և համայնքի ներուժի նպատակային ներգրավումը, ինչպես նաև աջակցել հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը:
Սփյուռքի գործերի հանձնակատարները կնշանակվեն Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի առաջարկությամբ՝ օտարերկրյա պետություններում հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով, չեն վարձատրվի, չեն ունենա նորմավորված աշխատանքի և աշխատաժամանակի ռեժիմ:
Այսպիսով, նախատեսվում է ընդլայնել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունները: