Դիտեք «իԳործ» 2020 ամփոփիչ ֆիլմը

15 Նոյեմբերի 2021

2020 թվականին առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ իրագործվեց ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագիրը: Այն հեղինակեց և իրագործեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: Ժամանելով աշխարհի 19 երկրներից և աշխատելով 19 տարբեր գերատեսչություններում՝ մեկամյա ծրագիրն ավարտեցին 50 սփյուռքահայ մասնագետներ: 

Այսօր արդեն «իԳործ»-ականների կեսից ավելին հայրենադարձվել է, իսկ 14-ը մշտական աշխատանքի անցել պետական համակարգում: Ծրագրի մասնակիցներից Հայկ Մարգարյանը նշանակվել է Նորամուծությունների և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն: Ռուսաստանահայ Անի Իսպիրյանը ստանձնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը, դարձյալ Ռուսաստանից Լիլիթ Հակոբյանը՝ «Էքսպո-2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսի հայաստանյան տաղավարի ղեկավարն է, իսկ կանադահայ Սահակ Մահրեճեանին առաջարկվել է Էկոնոմիկայի նախարարության թվային փոխակերպումների վարչության պետի պաշտոնը: Լիբանանահայ Շուշան Քեշիշեանը տեղափոխվել է Արցախ և հիմնել Հաբ Արցախ կազմակերպությունը: 

«իԳործ» 2020-ի մասնակիցներն ավարտել էին աշխարհի լավագույն համալսարանները՝ Հարվարդ, UCLA, MIT, McGill, Sorbonne և այլն:

Լսեք նրանց պատմությունները, տեսեք նրանց աշխատանքի արդյունքները և վայելեք «իԳործ» 2020-ի ամփոփիչ ֆիլմը:

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office