Սփյուռքի գրասենյակը և «SADA» գլոբալ մատակարարման կենտրոնը կնքեցին համագործակցության հուշագիր
18 Նոյեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (նոյեմբեր 18, 2021) – Նոյեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և «SADA» գլոբալ մատակարարման կենտրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Այն ստորագրեցին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և «SADA»-ի տնօրենների խորհրդի նախագահ և համահիմնադիր Հովիգ Սաֆոյանը: Հուշագրի նպատակն է ՀՀ տնտեսության զարգացման գործում ներգրավել սփյուռքի ներուժը, բարձր որակավորում ունեցող հայրենադարձված մասնագետներին ապահովել կայուն աշխատանքով, բիզնեսի, նորարարության, տեխնոլոգիական ծառայությունների մատակարարման բագավառում ընդլայնել սփյուռքահայ մասնագետների ներգրավումը: Բացի այդ ընկերությունը համաձայնել է աջակցել գրասենյակի կողմից թվայնացման ոլորտներում սփյուռքի ներուժի հավաքագրման աշխատանքներին և այդ ներուժի ներգրավմամբ Հայաստանում լայնորեն կիրառելի դարձնել ամպային տեխնոլոգիաների նորարարությունները:
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևորեց համաշխարհային ճանաչում ունեցող «SADA» կենտրոնի հետ նման ձևաչափով համագործակցությունը: ««SADA»-ի մասին գիտեմ արդեն երկար տարիներ և միշտ հպարտություն եմ զգացել հայկական այս տեխնոմատակարարի համաշխարհային հաջողությունների մասին լսելիս: Առավել հպարտ եմ, որ այս տարի ընկերությունը Հայաստանում գլոբալ մատակարարման գրասենյակ հիմնեց, և մենք հնարավորություն ունենք հենց հայրենիքում համագործակցել ավելի սերտ և առարկայական: Հայկական սփյուռքը անվերջանալի մասնագիտական ներուժի աղբյուր է, և վստահ եմ՝ նման համագործակցությունների շնորհիվ կարող ենք այդ ներուժը ուղղորդել դեպի Հայաստան»,-իր խոսքում նշեց Զարեհ Սինանյանը:
««SADA»-ի ծառայությունների պահանջարկը գլոբալ IT աշխարհում արագ աճում է, ուստի մենք հայտարարել ենք, որ այստեղ՝ Հայաստանի գլոբալ մատակարարման կենտրոնում, կընդունենք ինժեներական տաղանդների ամբողջ աշխարհից: Իսկ հայազգի բարձրակարգ ինժեներներին պատրաստ ենք ընդունելու առանց քանակական սահմանափակման՝ մեր չափանիշներին համապատասխանելու դեպքում: Ավելին, մենք նրանց կաջակցենք հայրենիք տեղափոխության հարցերում: Ես ուրախ եմ, որ կարող ենք համագործակցել նաև սփյուռքի գործերի գլխավոր հանձանակատարի գրասենյակի հետ»,- նշել է «SADA»-ի տնօրենների խորհրդի նախագահ Հովիգ Սաֆոյանը:
Տեղեկացնենք, որ «SADA»-ն բիզնեսի և տեխնոլոգիական ծառայությունների համաշխարհային մատակարար է, մարդկանց հնարավորություն է տալիս փոխակերպել իրենց աշխատանքը, իրենց կազմակերպությունները և աշխարհը: «SADA»-ի թիմերը օգնել են առողջապահության, մեդիայի, խաղերի, արտադրության, պետական և այլ հատվածների հաճախորդ-ձեռնարկություններին՝ լուծելու իրենց ամենաբարդ խնդիրները:
Բազմաթիվ մասնագիտացումներով որպես «Google Cloud»-ի առաջատար գործընկեր՝ SADA-ն ապահովում է շարունակական նորարարություն, ամուր գործընկերություն և ծառայությունների գերազանցություն: Արդյունքում ընկերությունը արժանացել է բազմաթիվ խրախուսանքների ու պարգևների, ներառյալ՝ 2018, 2019 և 2020 թթ․ «Google Cloud Reseller Partner», 15 տարի շարունակ Միացյալ Նահանգների ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների ցուցակի առաջատար, իսկ 2021 թվականին՝ Ամերիկայի լավագույն 50 աշխատատեղերի ցուցակի առաջատար։