Գլխավոր հանձնակատարն այցով Ռուսաստանում է
21 Նոյեմբերի 2021
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում` այցելելով Մոսկվա, Տվեր, Սանկտ Պետերբուրգ և Պերմ քաղաքներ:
Նոյեմբերի 18-20-ը Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ ունեցավ Մոսկվայում: Նա Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունում հանդիպեց հայ երիտասարդ գործարարներին, որտեղ քննարկվեցին հանձնակատարի ինստիտուտի ներդրման վերաբերյալ հարցեր: Հենց այս թեմայի ներկայացումն էլ հանդիսանում է այցի գլխավոր նպատակը:
Զարեհ Սինանյանն այցելեց նաև Մոսկվայի ВДНХ-ի (Ժողտնտեսության ձեռքբերումների ցուցահանդես) հայկական տաղավար և տնօրեն Արտյոմ Մուսայելյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց: Լազարևների անվան դպրոցում նա մասնակցեց համերգային ծրագրի: Այս ամենից բացի` հանձնակատարը հանդիպումներ ունեցավ հայ մտավորականության հետ, այդ թվում մարշալ Բաբաջանյանի թոռնուհի նկարչուհի Յուլյա Մարկոսի հետ:
Հայ բժիշկներ հետ հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանն ասոցիացիայի նախագահ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանին փոխանցեց ՀՀ նախագահի կողմից շնորհված մեդալը: Արարողությանն առցանց միացան ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները:
Մոսկվա այցի վերջին օրվա ընթացքում հանդիպեց Հայ իրավաբանների ասոցիացիայի, ինչպես նաև Հայ իրավաբանների ասոցիացիայի երիտասարդական թևի հետ, լրագրողների հետ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի ներկայիս վիճակին առնչվող հարցեր: