Սփյուռքի երիտասարդ դեսպաններն աշխատում են իրենց համայնքներում
07 Դեկտեմբերի 2021
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում մասնակիցներն իրենց համայնքներում ակտիվ գործունեություն են ծավալում:
Բելառուսում ծրագրի ներկայացուցիչ Կարեն Մուրադյանը Մինսկի հայ համայնքի երիտասարդների հետ հանդիպում-դասախոսություն է անցկացրել «Թերթելով Հայաստանի պատմության նոր էջերը» թեմայով: Հանդիպման մասնակիցները հարցուպատասխանի ձևաչափով քննարկել են նաև Հայաստան-սփյուռք գործակցության խնդիրներին, տեղի հայ համայնքի և հայրենիքի կապին առնչվող հարցեր:
Ֆրանսիայի ներկայացուցիչ Սոնա Սուրեկեն Սունգուլյանը հանդիպել է Արնուվիլի հայ համայնքի հետ՝ քննարկելով Հայաստան-սփյուռք հարաբերություններում սփյուռքի երիտասարդների ներգրավվածության կարևորությունը: Սոնան առցանց հանդիպում է ունեցել նաև Ֆրանսիայի շուրջ 15 քաղաքների հայ երիտասարդ կանանց հետ, ինչպես նաև հանդիպել ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Պիպոնիին:
Վրաստանում ծրագրի ներկայացուցիչ Էմիլ Սարգսյանը «Հայարտուն» կենտրոնում հանդիպում է ունեցել հայ երիտասարդության հետ՝ ներկայացնելով «Սփյուռքի երիտասարդ դեսպանի» ծրագիրը և իր հետագա անելիքները:
Մեծ Բրիտանիայում սփյուռքի երիտասարդ դեսպան Նոյեմի Ստեփան-Սարգսյանը հանդիպում է կազմակերպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների և աշխարհագրագետ, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի միջև: Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրել է Հայաստանի և հարևան պետությունների պատմական քարտեզները, և Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի ներկայիս խնդիրները:
Լիբանանում ծրագրի մասնակից Տիգրան Միհրանեանը երկու համայնքային հանդիպումներ է անցկացրել «Հայաստանի ներկայիս վիճակը» և «Հայ երիտասարդի մարտահրավերները» թեմայով:
Իսպանիայում սփյուռքի երիտասարդ դեսպան Սարգիս Հակոբյանը հանդիպում է ունեցել Կատալոնիայի «Արարատ» հայկական միության կից «Այբ» կիրակնօրյա դպրոցի ուսուցչական անձնակազմի հետ և ներկայացրել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերը: Սարգիսն առցանց հանդիպում է ունեցել նաև Իսպանիայում գործող հայկական միությունների հետ՝ քննարկելով հայրենիքի դեմ ծառացած մի շարք խնդիրներ: Նա հանդիպել է նաև Բարսելոնայի հայ երիտասարդներին:
Շվեդիայում ծրագրի ներկայացուցիչ Ինեսա Ռուբինյանը որպես սփյուռքի երիտասարդ դեսպան հանդիպել է Շվեդիայում հայկական միությունների համադրող կենտրոնի վարչության անդամներին։ Հանդիպման նպատակն էր մանրամասն ներկայացնել «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի բովանդակությունը, պատասխանել հարցերին և ստանալ խորհրդի անդամների աջակցությունը Ինեսայի աշխատանքի շարունակության համար:
Ուկրաինայում սփյուռքի երիտասարդ դեսպան Լիլիթ Բեգլարյանը հանդիպում է ունեցել Օդեսայի հայ համայնքի շուրջ 30 ներկայացուցիչների հետ՝ քննարկելով Հայաստան-սփյուռք գործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նշենք, որ հաշվի առնելով տարբեր երկրներում կորոնավիրուսային սահմանափակումները՝ ծրագրի մասնակիցների հանդիպումներն անցկացվում են փոքր խմբերով:
Ծրագրի շրջանակներում կազմակերպվելիք այլ հանդիպումերի և միջոցառումների կանդրադառնանք մեր հետագա հրապարակումներում: