Սփյուռքի երիտասարդ դեսպանները միացան Հայրենադարձության շաբաթվան
21 Դեկտեմբերի 2021
Հայրենադարձության շաբաթի շրջանակներում համայնքային միջոցառումներ անցկացվեցին նաև Բելգիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և Վրաստանում: Կազմակերպիչները «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներն էին:
Բելգիայում երիտասարդ դեսպան Սոնա Բաղումյանը Բելգիայի հայերի կոմիտեի երիտասարդական հանձնաժողովի հետ համատեղ «Հայ տուն» կենտրոնում համայնքի ներկայացուցիչների համար անցկացրեց հայրենադարձության վերաբերյալ իրազեկման հանդիպում:
Ֆրանսիայում երիտասարդ դեսպան Սոնա Սուրեկեն Սունգուլյանը Վիլեյ Լը Բելի Ժակ Բրել սրահում ֆրանսահայերին ներկայացրեց հայրենադարձության հնարավորությունները և փոխանցեց անհրաժեշտ տեղեկատվությունը։
Ռուսաստանի Անդրբայկալյալ երկրամասի հայկական առաջին կրթամշակութային կենտրոնում անցկացվեց Չիտայում սփյուռքի երիտասարդ դեսպան Հարություն Աթոյանի կողմից կազմակերպված իրազեկման հանդիպումը: Թեման դարձյալ հայրենադարձությունն էր:
Վիրահայոց թեﬕ «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում Վրաստանում երիտասարդ դեսպան Էմիլ Սարգսյանն անցկացրեց շաբաթվա թեմայով հանդիպում:
Այս միջոցառումներին հեռավար մասնակցեցին նաև մեր գրասենյակի հայրենադարձության գծով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը և հաղորդակցության մասնագետ Հերմինե Հարությունյանը:
Այսպիսով՝ Հայրենադարձության շաբաթվա շրջանակներում Հայաստանում և սփյուռքում անցկացվեցին ընդհանուր առմամբ 12 առցանց և անցանց միջոցառումներ, ներկայացվեցին հայրենադարձների 10 պատմություններ, հայրենադարձության գործընթացի վերաբերյալ տարատեսակ իրազեկող նյութեր:
Միջոցառումների մասնակցեցին հազարավոր սփյուռքահայեր և հարյուրավոր հայրենադարձներ սփյուռքի տասնյակ երկրներից: