Սփյուռքի երիտասարդ դեսպանները տարին ամփոփեցին ակտիվ գործունեությամբ
30 Դեկտեմբերի 2021
Սփյուռքի երիտասարդ դեսպանները տարին ամփոփում են ակտիվ գործունեությամբ: Բելգիայում սփյուռքի երիտասարդ դեսպան Սոնա Բաղումյանի կազմակերպմամբ՝ հայ համայնքի ներկայացուցիչները Եվրոպական խորհրդի դիմաց բողոքի ակցիա իրականացրին: Նրանք պահանջում էին եվրոպական կառույցներից հետևողական լինել որոշումների հարցում, մասնավորապես՝ կյանքի կոչել մայիսի 21-ին ռազմագերիների և պահվող անձանց ազատ արձակելու վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը:
Ավստրիայում Սփյուռքի երիտասարդ դեսպան Մեղրիկ Այիթյանը հանդիպումներ է անցկացրել DiasporArm հարթակի հիմնադիր Հովել Շնորհոքյանի և հայաստանյան ներկայացուցիչ Անի Հովհաննիսյանի հետ։ Քննարկվել են սփյուռքում միջհամայնքային փոխհարաբերությունները, հարթակի և սփյուռքի երիտասարդ դեսպանների ցանցի միջև համագործակցության հեռանկարները: Մեղրիկ Այիթյանը քննարկում է ունեցել նաև «Վիենահայ» համայնքային կազմակերպության հետ՝ ներկայացնելով «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը:
Նույն թեմայով համայնքային հանդիպում է կազմակերպել նաև Միացյալ Թագավորությունում սփյուռքի երիտասարդ դեսպան Նոյեմի Ստեփան-Սարգիսյանը: Ծրագրի ներկայացումից հետո հանդիպումը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով: Մեծ էր հետաքրքրությունը նաև հայրենադարձության թեմայի և գործընթացին նպաստող ծրագրերի վերաբերյալ:
Երուսաղեմում սփյուռքի երիտասարդ դեսպան Հակոբ Ջերնազյանը իրականացրել է համայնքային ամանորյա հավաքույթ: