Գլխավոր հանձնակատարն ամփոփեց Բելառուս այցը
27 Հունվարի 2022
Բելառուս աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում ունեցավ Մինսկի թիվ 4 միջնակարգ դպրոցում գործող հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրենի և ուսուցչական կազմի հետ։
Հանդիպման մասնակիցների կողմից ընդգծվեց դպրոցի գործունեության կարևորությունը հայապահպանության գործում։ Քննարկվեցին դպրոցի կրթական ծրագրերի հագեցվածության, ուսուցչական անձնակազմի՝ Հայաստանում մասնագիտական վերապատրաստման, դպրոցի սաների համար կրթական ուղղվածության մոտիվացիոն-ինտելեկտուալ մրցույթներին ներգրավման հարցերը։
Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության հիմնադրամի գլխավոր տնօրեն և համահիմնադիր Արմեն Խեչոյանի հետ։
Զրուցակիցները կարևորել են հայագիտական հետազոտությունների և ուսումնասիրությունների դերը համայնքային կյանքի ինստիտուցիոնալ զարգացման գործում։ Այս համատեքստում ընդգծվեց «Անիվ» հիմնադրամի կողմից հրատարակվող գիտական աշխատությունների կարևորությունը, մասնավորապես, Հայրենական մեծ պատերազմի տարիներին Բելառուսի ազատագրման համար նահատակված հայ մարտիկների սխրանքները Բելառուսի հասարակության շրջանում ճանաչելի դարձնելու գործում։
Գլխավոր հանձնակատարի բելառուսյան այցի օրակարգում էր նաև հանդիպումը հայ գործարարների հետ։ Նրանցից յուրաքանչյուրը Զարեհ Սինանյանին տեղեկացրեց Բելառուսում իրենց տնտեսական գործունեության մասին։
Քննարկվեցին Բելառուսի հայազգի գործարարների կողմից ՀՀ տնտեսության զարգացմանը նպաստելու, ինչպես նաև մեր գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերին ու նախաձեռնություններին հնարավորինս աջակցություն ցուցաբերելու գործնական ուղիները։
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանի ուղեկցությամբ այցելեց նաև Մինսկում հայ առաքելական եկեղեցու կառուցման համար հատկացված հողատարածք, որտեղ ընթացիկ տարվա գարնանը նախատեսվում է կատարել եկեղեցու հիմնարկեքի արարողությունը։