Գլխավոր հանձնակատարը հանդիպեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին
01 Փետրվարի 2022
Այսօր Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ՝ քննարկելով Ֆրանսիայի հայ համայնք իր առաջիկա այցի մանրամասները: Սա Գլխավոր հանձնակատարի առաջին այցն է լինելու Ֆրանսիա և տևելու է փետրվարի 8-19-ը:
Այցի ընթացքում Զարեհ Սինանյանը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքին։ Այնուհետև հանդիպումներ կլինեն հայկական կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչների, քաղաքական գործիչներիի հետ, ինչպես նաև այցելություններ համայնքային եկեղեցիներ, դպրոցներ և մշակութային կենտրոններ:
Զարեհ Սինանյանը ընդգծեց ֆրանսահայ համայնքի կարևոր դերակատարությունը և այս դժվարին ժամանակներում անսասան աջակցությունը Հայաստանի ժողովրդին ու պետությանը։ Գլխավոր հանձնակատարը նշեց, որ Ֆրանսիա այցի առաջին նպատակն է համայնքին ներկայացնել սփյուռքի հետ աշխատանքի քաղաքականությունն ու ծրագրերը, ինչպիսիք են «իԳործ»-ը, Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը, «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը և այլն, ինչպես նաև քաջալերել ֆրանսահայերին մասնակցություն ունենալ այս գործընթացներին։ Այցի երկրորդ նպատակն է քննարկել համայնքի և Հայաստանի միջև համագործակցության զարգացմանն ուղղված հետագա քայլերը:
Դեսպանը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց այս նախաձեռնության նկատմամբ և ընդգծեց Ֆրանսիայի քաղաքացիական հասարակության մեջ և մեր երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում ֆրանսահայերի կարևոր դերը, հատկապես՝ տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում: Դեսպանը և Գլխավոր հանձնակատարը պայմանավորվածություն ձեռք բերեցին կրկին հանդիպել Ֆրանսիա կատարած այցի ավարտին`մտքերի փոխանակման և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Ֆրանսիայի դեսպանատան միջև համագործակցության խորացման նպատակով` ի շահ ֆրանս-հայկական երկկողմ հարաբերությունների: