Ֆրանսիայում Գլխավոր հանձնակատարի այցն ընդանում է արդյունավետ հանդիպումներով

14 Փետրվարի 2022

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց Հայ Ավետարանական եկեղեցի և հանդիպում Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի պատվավոր փոխնախագահներ պատվելի Հովել Միքայելյանի (Ֆրանսիայի Հայ Ավետարանական եկեղեցիների նախագահ) և Ռենե Լևոնյանի հետ (Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների նախագահ)։ Գլխավոր հանձնակատարին ներկայացվեց եկեղեցու գործունեությունը, շուրջ 24 երկրներում գործող Ավետարանական եկեղեցիների կողմից Հայաստանին և Արցախին ցուցաբերվող աջակցությունը։ «Անչափ գնահատում եմ ձեր աշխատանքը թե՛ հայրենիքում, թե՛ համայնքներում։ Պատրաստ ենք ամեն կերպ նեցուկ լինել»,-ընդգծեց Գլխավոր հանձնակատարը՝ կարևորելով հատկապես կրթական, առողջապահական և մշակութային ծրագրերը։

Այնուհետ Գլխավոր հանձնակատարը եղավ Սևրի «Սամուել-Մուրատ» (Collège Samuel Mourad, Sèvres) վարժարանում, շրջայց կատարեց։ «Որպես հայ մարդ՝ մեծ ցավ եմ ապրում՝ տեսնելով դպրոցն այս կարգավիճակում։ Այստեղ պատմություն է կերտվել և այն ոչ մի գնով չպետք է փակի իր էջը»,- ընդգծեց Գլխավոր հանձնակատարը։ Վարժարանն ապրեցնելու համար այժմ մի շարք ծրագրեր են մշակվում, որոնք հնարավորություն կտան դարձյալ օգտագործել դասասենյակներն ու թատրոնի մասնաշենքը։

Հաջորդ հանդիպումը Փարիզի՝ միջազգային համագործակցության հարցերով փոխքաղաքապետ Առնո Նգաչայի հետ էր, որի ընթացքում քննարկվել են ինչպես հայ-ֆրանսիական հարաբերություններին, այնպես էլ Փարիզում բնակվող հայերին առնչվող հարցեր։

Պաշտոնական հանդիպումից հետո Զարեհ Սինանյանն այցելել է Փարիզի Հայ Կաթողիկե Սուրբ Խաչ եկեղեցի, ծանոթացել եկեղեցու հարուստ պատմությանը, վերանորոգման արդյունքներին: Եկեղեցին իր հեղինակությամբ և ավանդույթներով զորավոր ներկայություն ունի ինչպես հայ համայնքի, այնպես էլ Ֆրանսիայի կյանքում։

Գլխավոր հանձնակատարն այցի երկրորդ օրն ամփոփեց՝ պատասխանելով ֆրանսահայ լրատվամիջոցների հարցերին և հանդիպելով համայնքի որոշ մշակութային գործիչների հետ։

Փարիզյան երրորդ օրվա ընթացքում Զարեհ Սինանյանն այցելեց Ռենսիի «Դպրոցասեր» ամենօրյա վարժարան, հանդիպեց դպրոցի տնօրեն Հայկ Սարգսեանի և ուսուցչական կազմի հետ, շրջայց կատարեց վարժարանի տարածքում։ «Դպրոցները հայապահպանության հիմնաքարերն են։ Գիտեմ, թե որքան դժվարությունների միջով եք անցնում կրթօջախում բարձրորակ ուսուցում ապահովելու համար։ Դա իր տեսակի մեջ յուրօրինակ հերոսություն է։ Պոլսից հասնելով Մարսել, այնուհետ 1927-ից հաստատվելով Փարիզի Ռենսի արվարձանում` վարժարանը երբեք չի շեղվել իր հիմնական առաքելությունից»,-նշեց Գլխավոր հանձնակատարը։

Դպրոցի ղեկավարությունը նպատակադրված է ծրագիր մշակել ֆրանսիական դպրոցներ հաճախող հայ աշակերտներին հայերեն ուսուցանելու համար։ Գլխավոր հանձնակատարի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց ծրագիրն ամփոփել և ստեղծել գործողությունների ճանապարհային քարտեզ։ Գրասենյակը կշարունակի վարժարանի հետ այս ուղղությամբ աշխատանքը։ Զարեհ Սինանյանին ներկայացվեցին նաև դպրոցի խնդիրները։

«Դպրոցասեր» ամենօրյա վարժարան է այցելում 200-ից ավելի հայ աշակերտ։ Ֆրանսիայի յոթ ամենօրյա հայկական դպրոցներ են հաճախում 1200 հայ աշակերտներ։

Ֆրանսիայի Ազգային ժողովում Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպոնիի  և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի հետ  հանդիպման ընթացքում բարձրաձայնվեցին Հայաստանի և Արցախի իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Գլխավոր հանձնակատարը բարձր գնահատեց այս ուղղությամբ Ֆրանսիայի Ազգային ժողովի ջանքերն ու հույս հայտնեց, որ միջազգային հանրությունն ու կառույցները ի վերջո կկարողանան զսպել ադրբեջանական շարունակական ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ։

Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

«Շնորհակալություն ձեր ծնողներին, որ Ֆրանսիայում նախընտրում են ձեզ տանել հայկական դպրոց»,-Ալֆորվիլի «Սուրբ Մեսրոպ-Արապեան» (Lycée Mesrop Arabian, Alfortville) հայկական ամենօրյա վարժարան այցի ընթացքում աշակերտներին ասաց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Ալֆորվիլի փոխքաղաքապետ Սարո Մարդիրյանի ուղեկցությամբ Գլխավոր հանձնակատարը շրջեց դպրոցի տարածքում, ունկնդրեց աշակերտների երգն ու ասմունքը։

Զարեհ Սինանյանն իր հիացմունքը հայտնեց դպրոցում տիրող հայկական մշակույթի, բարձրակարգ կրթության և ստեղծված պայմանների վերաբերյալ։

Այնուհետ Գլխավոր հանձնակատարը հանդիպեց ֆրանսիական BRED բանկի նախագահ Օլիվիե Կլեյնի հետ։ Քննարկվեցին Հայաստանում ծրագրեր և ներդրումներ իրականացնելուն առնչվող հարցեր։

Գլխավոր հանձնակատարը փարիզյան այցն ավարտեց համայնքի յոթ տասնյակից ավելի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ։ Զարեհ Սինանյանը մանրամասն ներկայացրեց գրասենյակի գործունեությունը, ապա պատասխանեց մասնակիցների հարցերին։ Շուրջ երեք ժամ տևած հանդիպման ընթացքում հնչեցին հայրենադարձությանը, սփյուռքի ներուժի ներգրավմանը, համայնքներում հանձնակատարների ինստիտուտի ներդրմանն առնչվող հարցեր։

Այնուհետ համայնքի որոշ մտավորականների հետ Գլխավոր հանձնակատարն ունեցավ մտքերի փոխանակման ձևաչափով հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին Հայաստան-սփյուռք հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց նման ձևաչափով հանդիպումները շարունակել և ծառայեցնել այս տարի կայանալիք Հայաստան-սփյուռք համաժողովի օրակարգի մշակման աշխատանքներին։

Ֆրանսիա այցի երկրորդ կանգառը Լիոնում է։ Առաջին հանդիպումը Դեսին-Շարպոյի քաղաքապետ Լորանս Ֆոթրայի հետ (Laurence Fautra, Décines-Charpieu) էր։ «Ուրախ եմ, որ շատ հայերով բնակեցված քաղաքներում նման քաղաքապետներ ունենք։ Վստահ եմ, որ մեր հայրենակիցներն իրենց զգում են որպես Ֆրանսիայի երջանիկ քաղաքացիներ»,-ընդգծեց Զարեհ Սինանյանը։ Քաղաքն այժմ Հայաստանի Ստեփանավան քաղաքի հետ քույրացման ընթացքի մեջ է, ակտիվ աշխատանքների շնորհիվ հունվարին Լիոնում բացվեց Թումո կենտրոն։

«Ես հայ ժողովրդի բարեկամն եմ։ Մեկ այլ կյանքում հաստատ հայ եմ ծնվելու։ Հայերն առաջադեմ ժողովուրդ են, և դա իրենց մշակույթի և գեների մեջ է։ Ահա այդ պատճառով ես ինձ ինչ-որ չափով նաև հայ եմ զգում ու կրում եմ Երևանից նվեր ստացած խաչը»,-նշեց Լորանս Ֆոթրան։ Նա կարոտով հիշեց նաև Արցախ վերջին այցելությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։ Այնուհետ Գլխավոր հանձնակատարը և Դեսին-Շարպոյի քաղաքապետը ծաղիկներ խոնարհեցին քաղաքի կենտրոնում տեղակայված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին։

Լիոնի տարածաշրջանում ընթացող բոլոր հանդիպումներին ներկա է նաև Հայաստանի փոխհյուպատոս Լևոն Դավթյանը։

Վիեն քաղաքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց քաղաքապետ Թիերի Կովակսի, փոխքաղաքապետներ Լևոն Սաքունցի և Հիլդա Դերմիջյանի, քաղաքի հայկական կառույցների ղեկավարների հետ։ Գլխավոր հանձնակատարը ներկայացրեց սփյուռք հետ աշխատանքի ուղղությունները, նշեց, որ այցը ճանաչողական է և նպատակ ունի բովանդակալից երկխոսություն սկսել ֆրանսահայության հետ։ «Աշխատում ենք այն գիտակցմամբ, որ սփյուռքը կարող է Հայաստանին ավելին տալ, քան տնտեսական և բարեգործական ուղղություններն են։ Մյուս կողմից պիտի հասկանանք նաև, որ սփյուռքը իր խորքային խնդիրներն ունի, և դրանց երկարաժամկետ լուծումներ են պետք։ Ուրախ եմ՝ տեսնելով, որ վերջին տասը տարիներին Ֆրանսիայում հայկական դպրոցներ են բացվել»,-նշեց Գլխավոր հանձնակատարը։

Թիերի Կովակսն իր խոսքում ընդգծեց, որ հայերը ներգրավված են քաղաքի զարգացման բոլոր ոլորտներում։

«Սա ինտեգրացիայի մեծ օրինակ է Ֆրանսիայի համար, քանի որ հայերը դարձել են լավ քաղաքացիներ, բայց պահպանել իրենց արմատները։ Թեկուզ հայկական արմատներ չունեմ, սակայն համայնքի հետ շփվելիս ինձ մի փոքր հայ եմ զգում։ Եթե չօգնենք Հայաստանին, մեր ազատությունը կարող է մեկ օր վտանգի տակ դրվել»,-նշեց քաղաքապետը՝ ներկայացնելով նաև քույր քաղաք Գորիսի հետ համագործակցությունը։

Գլխավոր հանձնակատարը կարևորեց, որ Վիենի քաղաքապետը եղել է Հայաստանում և տեսել, թե որտեղից են գալիս իր քաղաքի բնակիչները և ինչու են հենց այդպիսին։

Այնուհետ Թիերի Կովակսը հյուրերի համար փոքրիկ շրջայց կազմակերպեց քաղաքում։

Նույն օրվա ընթացքում Գլխավոր հանձնակատարը հանդիպեց նաև Վալանսի փոխքաղաքապետներ Վերոնիկա Պեժոյի (Véronique PUGEAT) և արմատներով հայ Նատալի Իլիոզեր-Բոյերի (Nathalie ILIOZER-BOYER) հետ։ Քաղաքապետը բարձր գնահատեց հայերի ներկայությունը քաղաքում։ 95 հազար բնակությամբ քաղաքի 10 տոկոսը հայեր են։

Բուր լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեի հետ հանդիպման ընթացքում քննարկվեց Արցախի իրավունքների պաշտպանության հարցը։ «Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում, և այս պահերին ենք իմանում, թե ովքեր են մեր բարեկամները։ Ոգևորիչ է, որ չնայած տարաբնույթ դժվարություններին, Ձեր ղեկավարած քաղաքն Արցախի կողքին է,  դա ես զգացի քաղաք ոտք դնելու առաջին իսկ պահից»,-նշեց Գլխավոր հանձնակատարը։

«Երբ Արցախ այցելում ես, այլ կերպ չես կարող։ Ես գնացել եմ Աչցախ և իմ աչքերով տեսել հայկական Արցախը։ Պատերազմի ժամանակ անընդհատ կապի մեջ էի Շուշիի քաղաքապետի հետ»,-նշեց Մարլեն Մուրիեն։

Բուր լե Վալանսը Թալինի հետ քույր քաղաքներ են։ Տեղի համայնքը պատերազմի ընթացքում ակտիվ աջակցություն է ցուցաբերել Հայաստանին, որը շարունակվում է մինչ օրս։

Այնուհետ քաղաքապետի ուղեկցությամբ Գլխավոր հանձնակատարն այցելեց Հայկական ժառանգության կենտրոն, որտեղ ամփոփված է հայ ազգի պատմությունը։

Լիոն այցի առաջին օրն ամփոփվեց Վալանսի երգի և պարի ակադեմիա այցով։ Գլխավոր հանձնակատարը հանդիպեց ակադեմիայի հիմնադիրներ տեր և տիկին Մարգարյանների և տնօրեն Լևոն Չատիկյանի հետ։ Այս պահին ակադեմիայում ուսանում են  160 աշակերտներ։

Գլխավոր հանձնակատարը շրջեց ակադեմիայում, ներկա գտնվեց սաների համերգային ծրագրին։

Այնուհետ Զարեհ Սինանյանն այցելեց Վալանսի նորաբաց Գևորգ Արապյան վարժարան, որն ունի 200-ից ավելի հայ աշակերտները։ Դպրոցը հիմնվել է կրթության ժամանակակից մոտեցումների բոլոր չափանիշներին համապատասխան։ Դպրոցի հիմնադիրն է Վալանսի ֆրանս-հայկական մշակույթի կետրոնի (CCAV) համանախագահ Անտրէ Հացպանեանը։ «Չորս տարի առաջ սկսեցինք դպրոցի կառուցումը, և ինքս ինձ խոստացել եմ, որ առաջիկա երեք տարիներին ամբողջությամբ պետք է ավարտենք այն»,-նշեց դպրոցի հիմնադիրը։

Գլխավոր հանձնակատարը ընդգծեց, որ սփյուռքը հայկական է մնում այսպիսի նվիրյալների շնորհիվ։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office