Զարեհ Սինանյանն ամփոփել է Լիոն այցը
16 Փետրվարի 2022
Լիոն այցի երկրորդ օրվա ընթացքում Գլխավոր հանձնակատարն այցելեց «Մարգարյան-Փափազյան» ամենօրյա վարժարան, որտեղ սովորում է 200-ից ավելի աշակերտ: Հանդիպմանը ներկա էին վարժարանի տնօրեն Իկզավիե Ժիրուն և ուսուցիչները: Գործելով 1987 թվականից՝ դպրոցը կարողացել է ապահովել բարձրակարգ կրթական ստանդարտներ, որի արդյունքում աշակերտները ուսումը շարունակել են Լիոնի լավագույն քոլեջներում։
Գլխավոր հանձնակատարին ներկայացվեցին դպրոցի գործունեության մանրամասները, տարբեր տարիքային խմբերի հետ աշխատանքը, դպրոցի մեթոդաբանությունը։
Այնուհետ Զարեհ Սինանյանն այցելեց Լիոնի Սուրբ Հակոբ մայր եկեղեցի և մասնակցեց պատարագի, ստացավ օրհնություն։ Գլխավոր հանձնակատարը և Տեր Սահակ Հեքիմյանը պատարագից հետո նաև կարճ զրույց ունեցան։
Գլխավոր հանձնակատարն այցելեց նաև Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն և հարցազրույց տվեց հայկական «Ռադիո Արմենի» լրատվամիջոցին։
«Չեմ ցանկանում խառնվել համայնքային որևէ խնդրի։ Վստահ եմ՝ համայնքն ունի իր ներքին խոհեմությունն ու իմաստությունը՝ լուծելու ներհամայնքային ցանկացած խնդիր»,- Լիոնի համայնքային կազմակերպությունների և անհատների հետ հանդիպման ընթացքում նշեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը և Դեսինի փոխքաղաքապետ Դենի Ջորկաեֆը։
Գլխավոր հանձնակատարը ներկայացրեց գրասենյակի բոլոր ծրագրերը և
ուղղությունները, իչնպես նաև պատասխանեց ներկաների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին հայրենադարձությանը, հայաստանյան կյանքին սփյուռքի ներգրավվածությանը, սփյուռքի տարբեր համայնքների տարակարծություններին, Հայաստանի և Արցախ անվտանգային հարցերին։
Լիոն այցի վերջին օրվա ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հյուրընկալվեց Լիոնի քաղաքապետի միջազգային համագործակցության հարցերով տեղակալ Սոնյա Զդորովցոֆի և Լիոն մետրոպոլի նախագահի միջազգային հարցերով տեղակալ Հելեն Դրոմեի կողմից։ «Լինելով իրարից աշխարհագրորեն շատ հեռու՝ Հայաստանն ու Ֆրանսիան կիսում են միանման հիմնարարար արժեքներ և սկզբունքներ։ Մեր երկու ժողովուրդների պայքարը միշտապես հիմնված է եղել ժողովրդավարության վրա»,-նշեց Գլխավոր հանձնակատարը։
Փոխքաղաքապետները Գլխավոր հանձնակատարին ներկայացրին հունիսին Լիոնում կայանալիք քույր քաղաքաների փառատոնը, որին կմասնակցեն նաև Հայաստանի քաղաքների ներկայացուցիչները։ Սոնյա Զդորովցոֆը հույս հայտնեց, որ Հայաստանը կունենա ներկայանալի պատվիրակություն և Գլխավոր հանձնակատարին ևս հրավիրեց փառատոնին։ Հայաստանյան քաղաքների հետ համագործակցությունը խորացնելու նպատակով նա մարտին կայցելի Հայաստան։ Հատկապես կարևորվեցին Հայաստանում ֆրանսիական համալսարանի, ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի, Թումոյի շրջանակներում կատարվող աշխատանքը։
Այնուհետ Գլխավոր հանձնակատարն այցելեց «Բուլլուկյան» հիմնադրամ, որը ստեղծվել է 1985 թվականին և աջակցում է տարաբնույթ հետազոտությունների իրագործմանը, գիտության և մշակույթի զարգացմանը։ Հիմնադրամի նախագահ Ժան-Պիեռ Կլավերանի (Jean-Pierre Claveranne) ուղեկցությամբ Գլխավոր հանձնակատարը շրջեց, ծանոթացավ հիմնադրամի գործունեությանը։
«Լիոնում կկազմակերպվի Արցախի մշակութային ժառանգությունը ներկայացնող ցուցահանդես»,-Գլխավոր հանձնակատարի հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտնեցին Ուվերնյ Ռոն Ալպի շրջանի փոխնախագահ Լորանս Ֆոթրան (Laurence Fautra, Décines-Charpieu) և միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Բրունո Չիավերինին (Bruno Chiaverini): Այս տարածաշրջանը Հայաստանի հետ ամենաակտիվ համագործակցություն ծավալող շրջաններից մեկն է։ «Այս շրջանի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջև բարեկամությունը սկսվեց պատերազմի օրերին, երբ սերտ աշխատում էինք և փորձում ամեն կերպ օգնել Հայաստանին»,-ընդգծեց Վիենի փոխաքաղաքպետ Լևոն Սաքունցը։
Ֆրանսիացի պաշտոնյաները կարևորեցին Հայաստանում ֆրանսիական ազդեցությունը և փորձը ներդնելու ծրագրերը և Ֆրանսիայում հայկական միջավայր ստեղծող նախագծերի իրագործումը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել գրասենյակի և շրջանի միջև համագործակցությունը՝ գրասենյակը դիտարկելով որպես Հայաստանի հետ իրականացվող աշխատանքների ուղղորդման հիմնական գործընկեր։
Գրենոբլում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցին վաղուց էին սպասում։ Հանդիպմանը ներկա էին համայնքի կառույցների և կազմակերպությունների նախագահները։ Գրենոբլի և Դոֆինեի Հայկական մշակույթի տան նախագահ Դանիել Մարանջյանը նշեց, որ իրենց համար կարևորն ազգային շահն է՝ առանց քաղաքական որևէ երանգավորման։
Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն հայտնեց Գրենոբլի հայ համայնքին պատերազմի ընթացքում և դրանից հետո տարվող աշխատանքի համար, ապա ներկայացրեց գրասենյակի գործունեությունը։
Հանձնակատարին ներկայացվեց համայնքի և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ ստեղծված «Արև» ծրագիրը, որը նպատակ ունի վերապատրաստել Հայաստանի ուսումնարանների աշակերտներին և ապագա դասընթացավարներին, նոր տեխնոլոգիաներ բերել հայրենիք հատկապես էլեկտրական անվտանգության, արևային էներգիայի, ռոբոտաշինության և հիդրոէլեկտրականության ոլորտներում։ Արդյունքում, Հայաստանն ունենալու է ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասպանող տեխնիկներ։ Ծրագիրը մեկնարկելու է Սևանի ուսումնարանից, որի հետ Գրենոբլը քույր քաղաք է։ Այնուհետ դասընթացներ կանցկացվեն նաև Գյումրիում և Իջևանում։ Փետրվարի վերջից արդեն հինգշաբաթյա վերապատրաստումներ կանցնի մեծահասակների խումբը և զուգահեռ ուսուցման սկզբունքով՝ նրանք նաև հնարավորություն կունենան աշխատել տարբեր ընկերություններում։ Վերապատրաստման հաջորդ շրջանը կլինի նոյեմբերին։ «2027 թվականին արդեն մենք կունենան 400 բարձրակարգ տեխնիկներ։ Նպատակ ունենք ծրագիրը դարձնել ինքնուրույն և ինքնաբավ գործող»,-նշեց ծրագրի ղեկավարը։
Այնուհետ Գլխավոր հանձնակատարը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի անվտանգային հարցերին, հայապահպանությանը, սփյուռքում հայոց լեզվի դասավանդման դժվարություններին, դասագրքերի սակավությանը և այլն։