Գլխավոր հանձնակատարն ավարտեց Ֆրանսիա այցը Նիցցայում

20 Փետրվարի 2022

Գլխավոր հանձնակատարի` Ֆրանսիա այցի վերջին կանգառը Նիցցայում է: SOS Armeni Cote d'Azur կազմակերպության նախագահ Սամսոն Օզարարատի ուղեկցությամբ Զարեհ Սինանյանն այցելեց Հայ Առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, շրջայց կատարեց «Պարսամեան» հայկական ամենօրյա դպրոցում: Ներկայացնելով գրասենյակի գործունեությունը` Գլխավոր հանձնակատարը հանդիպում ունեցավ Կոտ դ՛Ազուրի հայկական ասոցիացիաների համակարգող խորհրդին մաս կազմող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, պատասխանեց նրանց հուզող հարցերին:

Նիցցայում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում ունեցավ փոխքաղաքապետ Բեռնար Ասսոյի հետ։ Վերջինս մանրամասնորեն ներկայացրեց քաղաքի պատմությունը և հայերի ներգրավվածությունը Նիցցայի տարբեր ոլորտներում։ Բեռնար Ասսոն Հայաստանի հետ ավելի ընդգրկուն աշխատանքի պատրաստակամություն հայտնեց։

Այնուհետ Գլխավոր հանձնակատարն այցելեց «Սոֆիա անտիպոլիս» տեխնոպարկ և հանդիպում ունեցավ տեխնոպարկի գործադիր տնօրեն Ֆիլիպ Մարիանիի հետ։ Գիտական և տեխնոլոգիական այս կենտոնը համարվում է աշխարհի առաջատար կենտրոններից մեկը և Եվրոպայի սիլիկոնային հովիտը։ Այստեղ բիզնեսի համար բացվել են ավելի քան 2500 ընկերություններ՝ տարեկան ստեղծելով գրեթե 1000 նոր աշխատատեղ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեխնոպարկի և Հայաստանի ՏՏ ոլորտի միջև համագործակցության ուղղությունները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց Ֆիլիպ Մարիանիին հյուրընկալել Հայաստանում՝ տեղում ներկայացնելով համատեղ աշխատանքի հնարավոր բնագավառները։

Ֆրանսիա այցը Գլխավոր հանձնակատարն ավարտեց Նիցցայի «Պարսամեան» ամենաօրյա վարժարանում։ Դպրոցի սաները հատուկ միջոցառում էին պատրաստել՝ ներկայացնելով մայրենիի, հայոց պատմության և հայկական երգերի իրենց իմացությունը։ Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն հայտնեց դպրոցի ուսուցչական կազմին, բարերարներին և ծնողների հայկական կրթությունը սփյուռքում շարունակելու և հայրենիքին կապված նոր սերունդ դաստիարակելու համար։

Այնուհետ քննարկվեցին դպրոցի և գրասենյակի միջև համագործակցության ուղղությունները։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office