Գլխավոր հանձնակատարն ընդունեց ՋԱՀ-ի հայաստանյան ներկայացուցչին
13 Ապրիլի 2022
Ապրիլի 13-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Ջավախքի աջակցության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Սամվել Մկոյանին։
Ողջունելով հյուրին՝ Գլխավոր հանձնակատարը կարևորեց հիմնադրամի կողմից Ջավախքում և Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք միտված են ջավախահայության խնդիրների լուծմանը, ինչպես նաև հայ-վրացական կապերի ամրապնդմանը։
Սամվել Մկոյանը ներկայացրեց այժմ հիմնադրամի նախաձեռնությունները, մասնավորապես՝ Ջավախքում «Արմաթ» նոր լաբորատորիաների բացման, Վահան Տերյանի տուն-թանգարանի զարգացման, առաջին հայ-վրացական կերպարվեստի փառատոնի անցկացման ուղղությամբ կատարվող աշխատանքները։
Հյուրը պատրաստակամություն հայտնեց աջակցելու գրասենյակի ծրագրերի տարածմանը։ Հատկապես կարևորեցին սփյուռքի պատանիների «Քայլ դեպի տուն», ՀՀ պետական համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրերը, ինչպես նաև սեպտեմբերին անցկացվելիք Հայաստան-սփյուռք համահայկական համաժողովը։ Գլխավոր հանձնակատարը վստահություն հայտնեց, որ բոլոր այս ծրագրերին վիրահայությունը կցուցաբերի բարձր մասնակցայնություն։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց խորացնել գրասենյակի և ՋԱՀ-ի միջև համագործակցությունը։