Հորդանանյան պատվիրակությունը հյուրըկալվեց մեր գրասենյակում
22 Ապրիլի 2022
Ապրիլի 21-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հյուրընկալեց Հորդանան-Եվրոպական խորհրդարանի բարեկամության ասոցիացիայի նախագահ Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ Զարեհ Սինանյանն ընդգծեց․ «Հորդանանը պատմականորեն եղել է հայ ազգի, Հայաստանի Հանարապետության բարեկամ երկիր և ազգ՝ ապաստան տրամադրելով Հայոց ցեղասպանությունը վերապրած բազմաթիվ հայերի։ Ինքս ճանաչում եմ հայերի, ովքեր իրենց մանկությունը անցկացրել են Հորդանանում և դրական հուշեր ունեն երկրի ջերմ ընդունելությունից»։
Այնուհետ Գլխավոր հանձնակատարը ներկայացրեց գրասենյակի գործունեությունը, ծրագրերը, նշեց, որ գրասենյակն աշխատակիցներ ունի նաև արաբական աշխարհից:
Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի Հորդանան-Եվրոպական խորհրդարանի բարեկամության ասոցիացիայի նախագահ Խալդուն Հինան շնորհակալություն հայտնեց Զարեհ Սինանյանին ջերմ ընդունելության համար և ընդգծեց, որ Հորդանանի և Հայաստանի ժողովուրդների միջև ստեղծվել են ամուր կապեր: Նա կարևորեց Հորդանանում հայ համայնքի ներկայությունը և դերակատարությունը: