Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ
24 Ապրիլի 2022
Սփյուռքի սիրելի քույրեր և եղբայրներ,
Այսօր համայն հայությունը ոգեկոչում և իր խոնարհումն է բերում Հայոց ցեղասպանության միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակին:
Ապրիլի 24-ը յուրաքանչյուր հայի համար ոչ միայն հայոց և համաշխարհային պատմության ամենաողբերգական էջերից մեկի հիշատակման և դատարապտման օրն է, այլև ինքնության և մտքի յուրօրինակ հանգրվան. ու՞ր ենք մենք գնում որպես ազգ, որո՞նք են մեր առաջընթացի քայլերը և ի՞նչ դասեր ենք քաղել անցյալի բոլոր անկումներից: Այս հարցերի պատասխանները հնարավոր է գտնել միայն համազգային անկեղծ երկխոսության, պետականության գաղափարի վրա հիմնված միասնականության և հայաստանակենտրոն համախմբման պարագայում: Այդ հարցերի պատասխանների տասնամյակներ տևած փնտրտուքները մեզ շատ հաճախ տարել են փակուղի ճանապարհներով: Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, հայրենազրկման ցավը, հայրենիքի կորուստը, աշխարհասփյուռ ազգ դառնալու իրողությունը մեզ ևս մեկ անգամ առերեսում են մի պարզ բանաձևի. անկախ, պաշտպանված ու ոտքի կանգնող հայրենիք ունենալու համար պիտի ապավինենք բացառապես ինքներս մեզ, ներդնենք մեր համազգային ներուժը հայրենիքում և պահպանենք մեր ինքնությունը սփյուռքում:
Լինելով Ցեղասպանությունը վերապրածների շառավիղ՝ գիտեմ, թե ինչ է նշանակում անձնապես կրել կորսված գերդաստանի և քանդված շենի պատմության հոգևոր և բարոյական ծանրությունը: Հայ մնալու մեր պայքարը, հայրենիքը զարգացնելու մեր ջանքերը և հայ սերունդներ դաստիարակելու պատասխանատվությունը մեր նախնիների հիշատակը հարգելու և մեր հիշողությունը մշտարթուն պահելու ուղիներն են: Ուղիներ, որոնք այլևս չեն թողնի մեզ առերեսվել ցեղասպանության արհավիրքին: