Գլխավոր հանձնակատարն ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին
25 Ապրիլի 2022
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարային։
Ողջունելով հյուրին՝ Գլխավոր հանձնակատարը կարևորեց հայ-արգենտինական ջերմ հարաբերությունները:
«Արգենտինայում հայկական ակտիվ համայնք կա, որը, լինելով հայրենիքից ամենահեռու գտնվող համայնքներից մեկը, կարողացել է պահպանել իր ինքնությունը, կապված մնալ Հայաստանին: Համայնքի երիտասարդները նաև ակտիվ մասնակցում են մեր ծրագրերին: Ուրախ եմ, որ նրանք դարձել են Արգենտինայի օրինակելի քաղաքացիներ»,-նշեց Զարեհ Սինանյանը: Գլխավոր հանձնակատարը շեշտեց նաև, որ գրասենյակն այժմ ունի 2 արգենտինահայ աշխատակիցներ, որոնց աշխատանքի շնորհիվ համայնքի հետ մշտական կապ է պահպանվում:
Դեսպան Վերգարան ներկայացրեց Հայաստանում տարվող աշխատանքները, մասնավորապես Արգենտինայի և Հայաստանի վարորդական վկայականների փոխադարձ ճանաչելիության ուղղությամբ տարվող աշխատանքները։ Հանդիպման ընթացքում խոսք գնաց նաև հայ-արգենտինական բիզնես կապերի զարգացման վերաբերյալ: