Գլխավոր հանձնակատարը հարուստ օրակարգով հանդիպումներ է ունեցել Հալեպում
07 Մայիսի 2022
Գլխավոր հանձնակատարը հարուստ օրակարգով հանդիպումներ է ունեցել Հալեպում: Այցի առաջին օրվա ընթացքում նա այցելել է Բերիո Հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Քառասուն Մանկանց Մայր եկեղեցի և հանդիպում ունեցել առաջնորդ Գերաշնորհ Տեր Մասիս եպիսկոպոս Զօպուեանի և ազգային իշխանության ներկայացուցիչների հետ: Գլխավոր հանձնակատարը ծանոթացել է թեմի գործունեությանը, շրջայց կատարել:
Բերիո կաթողիկե Հայոց թեմի առաջնորդանիստ Շնորհատու Սուրբ Աստվածածին եկեղեցում Զարեհ Սինանյանը հանդիպել է թեմի առաջնորդ Գերապայծառ Պետրոս արքեպիսկոպոս Միրիաթյանի և բարեսիրական հանձնախմբի հետ: Այնուհետ Գլխավոր հանձնակատարը ծաղիկներ է խոնարհել եկեղեցու տարածքում գտնվող Ապրիլյան հուշակոթողին:
Հալեպի Հայ Ավետարանական համայնքի Բեթել եկեղեցում Զարեհ Սինանյանը հանդիպել է Վերապատվելի, դոկտոր Հարություն Սելիմյանի, ավետարանական համայնքի ներկայացուցիչների, վարժարանի ուսուցիչների և սաների հետ: Գլխավոր հանձնակատարին ընդունել են ավանդական աղուհացով և նվագախմբի կողմից Հայաստանի և Սիրիայի օրհներգների կատարմամբ: Զարեհ Սինանյանը ծաղիկներ է խոնարհել եկեղեցու տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձանին:
Բեթել երկրորդական վարժարանի սաները գեղավեստական միջոցառում են կազմակերպել, ապա Գլխավոր հանձնակատարին է ներկայացվել Սիրիայի հայ ավետարանական համայնքի անցյալն ու ներկան:
Վերապատվելի Սելիմյանն իր խոսում նշել է, որ տարիներ երազած հայրենիքն իր պետականությամբ մնում է անվեհեր արժեք իրենց համար:
Գլխավոր հանձնակատարն ընդգծել է, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության և նրա մասնաճյուղերի հետ գրասենյակի համագործակցությունն արդյունավետ աշխատանքի հիանալի օրինակ է: