Զարեհ Սինանյանն այցելեց «Հրանտ Դինք․ հոս և հիմա» ցուցահանդես
11 Մայիսի 2022
Մայիսի 11-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց «Հրանտ Դինք․ հոս և հիմա» խորագիրը կրող ցուցահանդես: Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցին նրա կյանքն ու պայքարը ներկայացնող ցուցահանդեսը սկսել է իր ուղևորությունը Ստամբուլից Երևան:
«Մեզ համար Դինքը ներկայացնում է անբնութագրելիորեն քաջ մարդու կերպար, ով ամենաբարդ և վտանգավոր իրավիճակներում կարողացավ պայքարել հանուն հայության և հայ մարդու ապագայի։ Ցուցահանդեսը շատ հուզիչ էր, այն հիշեցնում էր Հրանտ Դինքի իրականացրած աշխատանքը, ինչն անկասկած անհետք չի մնացել, և եթե դրա հետևանքները մենք չենք զգում այսօր, ապա կզգանք ապագայում,-շրջելով ցուցահանդեսում՝ նշեց Գլխավոր հանձնակատարը:
Նա նաև ընդգծեց, որ շատերը չգիտեն, որ Թուրքիայում ապրում են բազմաթիվ հայեր, այնտեղ գործում են բազմաթիվ եկեղեցիներ, ապրում են մարդիկ, ովքեր, չնայած դժվար պայմաններին, փորձում են Թուրքիայի հասարակությանն առերեսել ճշմարտությանը և իրենց իսկ անցյալին։
«Մոտավորապես 2 ամիս առաջ մենք հանդիպեցի Դելալ Դինքի և «Դինք» հիմնադրամի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկեցինք այս ցուցահանդեսի բացումը։ Ուրախ եմ, որ մեր փոքրիկ ներդրումն ունեցանք ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներում»,-ասաց Զարեհ Սինանյանը:
«Ակօս»-ի նախկին գրասենյակը, որտեղ ամեն տարի Դինքի սպանության օրը հազարավոր մարդիկ հավաքվում են՝ ոգեկոչելու նրա հիշատակը և պահանջելու արդարություն, 2019 թվականի ապրիլի 23-24-ին բացեց իր դռները հանրության առջև՝ որպես Հրանտ Դինքի «23,5» հուշավայր։ Այն ցուցանմուշներով, արխիվով և հանրային ծրագրերով «23,5»-ը ծառայում է որպես հիշողության, մտորումների, երկխոսության, սովորելու և փոխըմբռնման վայր: Հուշավայրն իր անվանումը ստացել է Հրանտ Դինքի հեղինակային «Ապրիլի 23 ու կես» հոդվածից։ Այն ճոճանակ է ցավի և հույսի միջև, անցյալի և ապագայի խոստում և պարադիգմային փոփոխության հրավեր:
Սույն ցուցահանդեսն այդ խորհուրդն է իր մեջ ամփոփում։ Ինչպես Ստամբուլի «23,5» հուշավայրում, այնպես էլ Երևանում Հրանտ Դինքը ցուցահանդեսի պատմողն ու ուղեկցորդն է՝ ներկայացնելով իր պատմությունն ու արդարության իր ճանապարհը: Ցուցահանդեսի առանձին անկյուններ անդրադառնում են այնպիսի թեմաների, ինչպիսիք են հիշողությունը, արդարությունը և փոքրամասնությունների իրավունքները Թուրքիայում։
Ցուցահանդեսը գործում է Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ), այն բաց կլինի մինչ հուլիսի 30-ը: