Տեղի ունեցավ Invest Armenia բիզնես պլատֆորմի բացումը
24 Մայիսի 2022
Invest Armenia (https://investin.am/hy) բիզնես պլատֆորմն արդեն պաշտոնապես գործում է: Այն կապում է Հայաստանում ներդրումային առաջարկները ներդրողների, իսկ տեղական արտադրողին՝ արտերկրի մեծածախ գնորդի հետ:
Պաշտոնական շնորհանդեսին մասնակցել է Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նա կարևորել է պլատֆորմի գործունեությունը, որը սփյուռքի ներդրողներին և գործարարներին նոր հնարավորություններ կընձեռի: «Invest Armenia-ն բիզնես նախագծերի, արտահանման, ներդրումների համար նորարար հարթակ է, որտեղ առկա եռալեզու տեղեկատվությունն ու ռեսուրսները, վստահ եմ, կլրացնեն դաշտում առկա բացը»,-նշել է Զարեհ Սինանյանը:
Միջոցառման ելույթ են ունեցել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Invest Armenia-ի բաժնետերեր Հովսեփ Պատվականյանը և Արամ Կայֆաջյանը:
Շնորհանդեսին մասնակցել են ավելի քան 300 հյուրեր` բիզնես ներկայացուցիչներ, բանկերի և ներդրումային հիմնադրամների ղեկավար կազմեր:
Մեկնարկի պահին բիզնես պլատֆորմը ունի գրանցված 100 ընկերություն, 25 ներդրումային առաջարկ և 1000 արտահանվող ապրանք: