Տեղի ունեցավ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2021 ծրագրի փակումը
30 Մայիսի 2022
Մայիսի 30-ին անցկացվեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2021 ծրագրի փակման առցանց արարողությունը: Այն ամբողջությամբ ֆինանսավորվեց «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից:
Ծրագրին մասնակցեց 20 երկրից ժամանած 16 սփյուռքահայ երիտասարդ, որոնք երկշաբաթյա հագեցած վերապատրաստում անցան Հայաստանում և Արցախում, ծանոթացան հայրենիքի քաղաքական, սոցիալական, տնտեսական, կրթական և այլ ոլորտներին, ծրագրերին և հնարավորություններին:
Վերադառնալով իրենց համայնքներ՝ սփյուռքի երիտասարդ դեսպաններն այս ամիսների ընթացքում կազմակերպեցին համայնքային հանդիպումներ, հայրենադարձությանը նվիրված միջոցառումներ, հայաստանյան գործընկերների հետ համատեղ նախաձեռնություններ, իրազեկման արշավներ:
Փակման արարողությանը մասնակցեցին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանը, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի առողջապահական ծրագրերի համակարգող Զառա Ջանիբեկյանը, ծրագրի մասնակիցները, Գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատակիցները:
Ողջունելով սփյուռքի երիտասարդ դեսպաններին՝ Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն հայտնեց նրանց իրենց կատարած աշխատանքի համար: «Ծրագիրը մենք մեկնարկեցինք ոչ դյուրին պայմաններում, և գիտեմ, որ ձեզանից շատերը ևս ծրագրի երկրորդ փուլի ընթացքում իրենց համայնքներում դժվարությունների են բախվել: Սա «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի անդրանիկ տարին էր. դուք միշտ կլինեք սփյուռքի առաջին երիտասարդ դեսպանները: Լիահույս եմ, որ կշարունակեք ձեր գործունեությունը համայնքներում և համագործակցությունը մեր գրասենյակի հետ»,-նշեց Զարեհ Սինանյանը:
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի առողջապահական ծրագրերի համակարգող Զառա Ջանիբեկյանը հույս հայտնեց, որ դեսպանների հետ կապը, իրոք, շարունակական կլինի, ինչը կդառնա ծրագրի հաջողության գրավականներից մեկը:
Ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանն ամփոփեց «Աշխատանք համայնքներում» փուլը. «Ծրագրի ձեռքբերումներից են մասնակիցների կողմից ժամանակի մարտահրավերներին դիմակայումը և աշխատելու այլընտրանքը, համայնքներում մասնակիցների ճանաչելիության ընդլայնումը, համայնքի կարիքները ճանաչելու նոր հայացքը, ձեռք բերված գիտելիքների և հմտությունների կիրառումը, ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավումը համայնքային միջոցառումներին, գրասենյակի հետ մշտական կապի առկայությունը, սոցիալական մեդիայում աշխատելու փորձառությունը, մասնակիցների միջև փորձի փոխանակումը, նոր ծրագրերի մտահղացումը և այլն:
Եթե ամփոփելու լինենք թվերով այն բոլոր աշխատանքները, որ կատարել են մեր մասնակիցները, ապա կստանանք հետևյալ պատկերը՝ համայնքային և հայրենադարձության 121 հանդիպում, սոցցանցային 538 և 30 մեդիա հրապարակում, 1 կրթամշակութային կենտրոնի բացում, 1 տեսաֆիլմի ստեղծում, դրամական աջակցության 2 նախաձեռնություն, ցանցային 6 աշխատանք, հայկական շահերի պաշտպանությանն ուղղված 10 ձեռնարկ, համայնքային 2 ուսումնասիրություն և Սփյուռքի երիտասարդական քաղաքականության փաստաթղթի շուրջ աշխատանք»:
Գրետա Մնացականյանն ընդգծեց, որ երիտասարդների հետ կապը կպահպանվի, կշարունակվեն պարբերական հանդիպումներն ու քննարկումները, սփյուռքի երիտասարդ դեսպանների ցանցը կհամալրվի նոր մասնակիցներով և կիրականացվեն համատեղ ձեռնարկներ, նոր դեսպանների ներգրավմամբ նաև՝ կշարունակվեն աշխատանքները Սփյուռքի երիտասարդական քաղաքականության փաստաթղթի մշակման ուղղությամբ և այլն:
Ամփոփիչ խոսք ունեցան նաև ծրագրի համակարգող Քարին Յակուբյանը, գրասենյակի մեդիա պատասխանատու Ամալյա Կարապետյանը և ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը:
Այնուհետ սփյուռքի երիտասարդ դեսպանների անունից խոսքով հանդես եկավ Շվեդիայում սփյուռքի երիտասարդ դեսպան Ինեսա Ռուբինյանը. «Շատերս գիտակցեցինք, որ սփյուռքի հետ աշխատելիս պետք է փորձել աշխատել բոլորի հետ՝ առանց բացառության՝ անկախ մասնագիտությունից, այլ կազմակերպությունների անդամակցությունից, քաղաքական հայացքներից, կրոնական կամ կուսակցական պատկանելությունից: Այդ համոզմունքի հիման վրա՝ մեր թիմից շատերն արեցին առավելագույնն այս կարճ ժամանակում, որպեսզի ավելի ամրացվեն Սփյուռք-Հայաստան-Արցախ կապերը: Մենք համոզվեցինք, որ անհնար է միասին աշխատանք կատարել, եթե այդ աշխատանքի հիմքում չկա հարգանք միմյանց տարբերությունների նկատմամբ: Ամիսներ շարունակ խրախուսում էինք մեկս մյուսիս՝ առաջ գնալ և չհուսահատվել»,-ասված էր նրա խոսքում:
Երիտասարդ դեսպանները շեշտեցին նաև, որ բարդ և բազմակողմանի սփյուռքի հետ աշխատանքը ստիպում է վերհիշել, որ իրենց նպատակները նույնն են, և տարբերության հիմքում սովորաբար այդ նպատակներին զուտ հասնելու մոտեցումն ու պատկերացրած ճանապարհն է ընկած։ Ըստ նրանց՝ մեկ այլ կարևոր դաս էր աշխատանքի մեջ ճկունության դրսևորումը, որը կարևոր բաղադրիչ էր իրենց նախաձեռնությունների և համագործակցությունների հաջողման մեջ:
«Ցանկանում ենք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ողջ աշխատակազմին, որն այս բացառիկ, բայց կարևոր հնարավորությունն ընձեռեց մեզ, որպեսզի նպաստենք մեր անձնային աճին և մեր համայնքների զարգացմանը», - ընդգծեցին սփյուռքի երիտասարդ դեսպանները:
Հիշեցնենք նաև, որ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» («Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրատում») 2022 ծրագրի հայտադիմումներն ընդունվում են մինչ հուլիսի 1-ը: Դիմելու համար սեղմել այստեղ: