Սփյուռքի երիտասարդ դեսպան
Բովանդակություն
Հակիրճ նկարագիր
Մեկնարկ
23 Մարտի 2026
Ավարտ
01 Մայիսի 2026
Նպատակ
Ստեղծել սփյուռքի երիտասարդ դեսպանների ցանց
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը շարունակում է իրականացնել «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը («Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում»), որին այս տարի կարող են մասնակցել ինչպես համայնքում ակտիվ, այնպես էլ իրենց գործունեությունը նոր սկսած երիտասարդները:
Ծրագիրը նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին՝ ընդլայնելու իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանն ու գործունեության արդյունավետության բարձացմանը՝ նոր գիտելիքների, հմտությունների, գործնական նոր կապերի ձեռքբերման, փորձի փոխանակման ճանապարհով, նպաստել Հայաստանի և Սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդների միջև համագործակցության ձևավորմանն ու զարգացմանը:
Ծրագիրը մեկամյա է. ընդգրկում է 2026 թ. օգոստոս - 2027 թ. հուլիս ընկած ժամանակահատվածը և ընթանում է երկու փուլով:
Հայաստանում կանցկացվի երկշաբաթյա դասընթաց` 2026 թվականի օգոստոսի 24-ից սեպտեմբերի 6-ը, մնացյալ ժամանակահատվածը յուրաքանչյուր մասնակից ծրագրով նախատեսված աշխատանքներ կիրականացնի իր համայնքում:
Հայաստանյան դասընթացի լեզուն հայերենն է։ Այն ունի տեսական և գործնական բնույթ։ Ներառում է դասախոսություններ, աշխատաժողովներ, հանդիպումներ, փորձի փոխանակման աշխատանքներ, ինչպես նաև այցելություններ պետական, գիտակրթական, մշակութային, հոգևոր կառույցներ և հիշատակի վայրեր, ՀՀ մարզեր:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Մասնակիցները հոգում են Հայաստան ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը, իրենց հաշվին ձեռք են բերում ճամփորդական ապահովագրություն:
Կազմակերպիչներն ապահովում են նրանց կեցությունը, սնունդը, տեղափոխումը ծրագրի հայաստանյան հատվածի շրջանակներում, մուտքը նախատեսված վայրեր ու հաստատություններ:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
Ծրագրին կարող են դիմել հետևյալ կատեգորիաների շրջանակում․
- Ծրագրի առաջին խմբում ընդգրկվելու համար կարող են դիմել 22-35 տարեկան այն երիտասարդները, ովքեր համայնքում ակտիվ գործունեություն են ծավալում երկու տարուց ավելի՝ ղեկավարում են կամ անդամակցում երիտասարդական, համայնքային կամ հոգևոր կառույցների, ունեն կազմակերպչական փորձ, մասնակցել են կամ նախաձեռնել համայնքային միջոցառումներ։
Ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան դառնալու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործընկերները համայնքներում և իրենց ներգրավմամբ կընդլայնեն Սփյուռքի երիտասարդ դեսպանների ցանցը, ինչպես նաև նրանք կլինեն մենթորներ համայնքում իրենց գործունեությունը նոր սկսած մասնակիցների համար:
- Ծրագրի երկրորդ խումբը նախատեսված է 20-25 տարեկան այն սփյուռքահայ երիտասարդների համար, ովքեր վերջին մեկից երկու տարվա ընթացքում սկսել են ներգրավվել համայնքային, երիտասարդական կամ հոգևոր գործունեության մեջ, ցանկանում են իրականացնել սեփական նախաձեռնություններ իրենց համայնքներում և զարգացնել համայնքային մասնակցության հմտությունները։
Ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան աշխատելու մենթորների հետ, ծանոթանալու այլ համայնքների փորձին ու գործունեությանը՝ ձեռք բերելով գործնական հմտություններ և գիտելիքներ համայնքային կյանքի տարբեր ոլորտներում ու աշխատանքներում արդյունավետ ներգրավվածության համար:
Ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին մասնակցության հավաստագրեր։
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ մայիսի 1-ը:
Հայտադիմումն անհրաժեշտ է լրացնել հղմամբ` https://forms.gle/sPQrWwWHBJoPJExF7
2021-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
2021 թվականի ծրագրին մասնակցեց 20 մասնակից՝ 16 երկրից՝ Կանադա, Արգենտինա, Երուսաղեմ, Լիբանան, Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս, Նիդերլանդներ, Գերմանիա, Իսպանիա, Անգլիա, Ֆրանսիա, Շվեդիա, Բելգիա, Ավստրիա:
Սփյուռքի երիտասարդ դեսպաններին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:
2022-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
2022 թվականի ծրագրին մասնակցեց 20 երիտասարդ՝ 12 երկրից՝ ԱՄՆ, Հնդկաստան, ԱՄԷ, Գերմանիա, Բելգիա, Իսպանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Չեխիա, Ռուսաստան, Սիրիա, Ղրղզստան:
Սփյուռքի երիտասարդ դեսպաններին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:
2023-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
2023 թվականի ծրագրին մասնակցեց 18 երիտասարդ՝ 8 երկրից՝ ԱՄՆ, Կանադա, Բրազիլիա, Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Բելգիա:
Սփյուռքի երիտասարդ դեսպաններին ծանոթանալու համար սեղմեք այստեղ։
2024-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
2024 թվականի ծրագրին մասնակցում է 28 երիտասարդ՝ 18 երկրից՝ Ավստրալիա, Գերմանիա, Ռումինիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չեխիա, Մեծ Բրիտանիա, Լեհաստան, Լատվիա, Լիտվա, Շվեդիա, Նիդերլանդներ, Վրաստան, Բելառուս, Իրան, ՌԴ, ԱՄՆ, Չինաստան:
Սփյուռքի երիտասարդ դեսպաններին ծանոթանալու համար սեղմեք այստեղ։
2025-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
2025 թվականի ծրագրին մասնակցում է 27 երիտասարդ՝ 14 երկրից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Լիտվայից, Լատվիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ռումինիայից, Նիդերլանդներից, Վրաստանից, Իրանից, Չինաստանից, Էստոնիայից և Կանադայից:
Սփյուռքի երիտասարդ դեսպաններին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել diaspora.youthambassador@gov.am էլ. հասցեով կամ +374 10 515 538, +374 96 515 538 (WhatsApp) հեռախոսահամարներով: