Գլխավոր հանձնակատարն այցով ԱՄՆ-ում է
03 Հունիսի 2022
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Առաջին անգամ Գլխավոր հանձնակատարն այցելել է Միչիգան նահանգ և հանդիպումներ ունեցել Դեթրոյթ քաղաքի հայ համայնքի կառույցների և ներկայացուցիչների հետ:
Այցի առաջին օրվա ընթացքում Զարեհ Սինանյանը մասնակցել է Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցու կանանց ամենամյա ընթրիքին, հանդիպել համայնքի կին ակտիվ ներկայացուցիչներին և ծանոթացել նրանց աշխատանքին: Հանձնակատարը կարևորել է համայնքում կանանց ոգեշնչող գործունեությունն ու ունեցած նպաստը հայապահպանության գործում:
Այնուհետ Գլխավոր հանձնակատարն այցելել է Թագվոր և Թագուհի Մանուկյան հանգստյան տուն (Manoogian Manor), որն աջակցություն է տրամադրում հայ և օտարազգի ծերերին: Հաստատությունը հիմնադրվել է 1949 թվականին 13 հայ կանանց, ամբողջ համայնքի և Ալեք Մանուկյանի և իր տիկնոջ մեծ աջակցության շնորհիվ: Հանձնակատարը ծանոթացավ տան ամենատարեց բնակչի՝ հարյուրամյա Մարգարետի հետ, և լսեց նրա հայաստանյան այցերի պատմությունները:
Զարեհ Սինանյանն Էդվարդ և Հելեն Մարտիկյան գրադարանում հարցազրույց է տվել նաև «Armenian Mirror-Spectator» լրատվամիջոցի ներկայացուցիչներ Էդմոն Ազատյանին և Հարրի Կեզելյանին: Խորքային անդրադարձ է կատարվել Հայաստան-սփյուռք հարաբերություններին և գրասենյակի գործունեությանը: