ԱՐՓԱ ինստիտուտը նշում է հիմնադրման 30-ամյակը
13 Հունիսի 2022
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լոս Անջելեսում ներկա է գտնվել ԱՐՓԱ ինստիտուտի 30-ամյակի գալային։ Հոբելյանի առթիվ ԱՐՓԱ ինստիտուտը կազմակերպել էր մեկօրյա հանրային կոնֆերանս՝ նվիրված կրթության, գիտության, տեխնոլոգիայի և առողջապահության ոլորտներին և սոցիալ-տնտեսական բարեկեցության և քաղաքական հեռանկարների վրա դրանց ազդեցությանը:
Ինստիտուտի նպատակն է խթանել համագործակցությունն ու փոխըմբռնումը Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կրթության, տնտեսագիտության, քաղաքականության, առողջապահության և տեխնոլոգիաների ոլորտներում խորհրդատվական, վերլուծական, հետազոտական և պլանավորման ծառայությունների մատուցման միջոցով: Զարեհ Սինանյանը ինստիտուտի նախագահ դոկտոր Հակոբ Փանոսյանին հանձնեց շնորհակալագիր: «ԱՐՓԱ-ն, հիմնադրվելով Կալիֆոռնիայում, իր առաքելության, աշխատանքի, գիտական և հետազոտական լայն շրջանակների ներգրավման, անհատ սփյուռքահայերի նվիրվման շնորհիվ կարողացավ ձեռք բերել համահայկական ճանաչելիություն: Կարճ ժամանակում ինստիտուտն արդեն ներկայություն ուներ Հայաստանի և Արցախի կրթության, առողջապահության, տնտեսության, էներգետիկայի և այլ կարևոր ոլորտներում: Այն նաև իր ուրույն դերն ուներ և շարունակում է ունենալ Հայաստան-սփյուռք գործակցության շրջանակներում»,-ընդգծել է Գլխավոր հանձնակատարը:
Միջոցառմանը ներկա էին գիտության հայ առաջատար գործիչներ, պաշտոնյաներ, անդամներ։