Տասնյակ հայրենադարձներ սովորեցին հայերեն
29 Հունիսի 2022
Հայրենադարձների համար հայերենի անվճար դասընթացների առաջին փուլն ավարտվեց: Այսօր մասնակիցները, որոնք 3 ամիս սովորել կամ բարելավել էին մայրենին, ստացան հավաստագրեր: Նրանք այժմ կարող են հաղորդակցվել, կարդալ և գրել հայերենով, ինչը կդյուրացնի նրանց ինտեգրման և աշխատանք գտնելու գործընթացը:
Մեր գրասենյակի «Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն» ծրագրի համակարգող Մարգարիտա Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց հայրենադարձներին դասընթացներին ակտիվ մասնակցելու, ինչպես նաև «Big Mind» կրթական կենտրոնի տնօրինությանն ու ուսուցիչներին դասավադման նոր մեթոդների և փոխանցած գիտելիքների համար: «Առաջին անգամ է, որ հայրենադարձների համար մայրենի լեզվի դասավանդումն իրականացվում է պետական մակարդակով: Ուրախ ենք, որ հայերեն սովորելու նման պահանջարկ կա, և յուրաքանչյուր փուլի համար մենք ստանում ենք հարյուրավոր հայտեր»,-նշեց Մարգարիտա Բաղդասարյանը: Դասընթացների մասնակիցները ներկայացրին իրենց տպավորությունները, հանդես եկան առաջարկներով, կարևորեցին նաև, որ այս ամիսների ընթացքում ձեռք բերեցին նոր ծանոթություններ և ընկերներ: Հիշեցնենք, որ դասընթացների 2-րդ փուլին դիմել են ևս 300 հայրենադարձներ 20 երկրներից: Նրանցից 80-ը դասընթացները կսկսեն հուլիսի 6-ից: