«‎Հայաստան-Կիպրոս հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում»․ Զարեհ Սինանյան

29 Հուլիսի 2022

Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովի երկրորդ օրվա ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով։ 


«‎Պատիվ ունեմ արդեն երկրորդ անգամ ներկա գտնվել Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին։ Եղբայրական Կիպրոսի հետ մեր հարուստ պատմական հիշողությունն ու ժառանգությունը, անցյալում կիսած ցավն ու կորուստները, համամարդկային բարձր արժեքները, խաղաղասիրությունն ու արդարության ձգտումը գալիս են մեկ անգամ ևս վերահաստատելու մեր երկրների միջև առկա համագործակցության մեծ ներուժը։ Այդ համագործակցության ուղղություններից մեկն էլ սփյուռքի հարցերի շուրջ Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափն է, որը վերահաստատեցինք նաև մեկ ամիս առաջ Հունաստանում կնքված եռակողմ հուշագրով»,-նշեց Զարեհ Սինանյանը։

Նա ընդգծեց նաև կիպրական սփյուռքի հետ համագործակցության մեծ հեռանկարների մասին, մասնավորապես՝ աշխարում երկու երկրների շահերի պաշտպանության, երիտասարդական և մասնագիտական ցանցերի ստեղծման և այլ ուղղություններով։ 

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Հունաստանի, Սերբիայի և Ռումինիայի ներկայացուցիչները՝ կարևորելով նման ձևաչափով տարբեր երկրների սփյուռքների միջև կապերի հաստատումն ու փոխճանաչությունը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office