Զարեհ Սինանյանը ընդունեց Լեհաստանի դեսպանին
01 Օգոստոսի 2022
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և դեսպանության երկրորդ քարտուղար, քաղաքական բաժնի ղեկավար Մարչին Ռուժիցկիին:
Ողջունելով դեսպանին՝ Զարեհ Սինանյանը շեշտեց հայ-լեհական հարաբերությունների կարևորությունը:
«Լեհաստանում բավականին մեծ և ակտիվ հայ համայնք կա: Մենք բարձր ենք գնահատում Լեհաստանի Հանրապետության կողմից ուկրաինահայերին օգնության տրամադրումը, ովքեր ռազմական գործողությունների հետևանքով լքել են երկիրը»,- նշեց Զարեհ Սինանյանը:
Հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարը ներկայացրեց գրասենյակի կողմից իրականացվող հայրենադարձության, սփյուռքի քարտեզագրման, երիտասարդության ակտիվության խթանման, ինչպես նաև ՀՀ կառավարությունում սփյուռքի մասնագետների ներգրավման ծրագրերը:
Իր հերթին դեսպան Պավել Չեպլակը խոսեց լեհական սփյուռքի հետ տարվող աշխատանքների մասին:
Քննարկվեցին երկու երկրների միջև առկա համագործակցության ուղղությունները: