«Նոր Յառաջ» թերթի գլխավոր խմբագիր Ժիրայր Չոլաքյանը հանդիպեց Գլխավոր հանձնակատարին
11 Օգոստոսի 2022
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն օգոստոսի 10-ին ընդունեց Ֆրանսիայում գործող «Նոր Յառաջ» թերթի գլխավոր խմբագիր Ժիրայր Չոլաքյանին և Հայաստանում նոր հիմնված համանուն հիմնադրամի տնօրեն Անի Բրդոյեան-Ղազարյանին:
Գլխավոր հանձնակատարը ողջունեց հյուերին և հաջողություն մաղթեց Հայաստանում սկսվող գործունեության առթիվ: «Այսօր «Նոր Յառաջ» թերթը այն հազվադեպ հանդիպող թերթից է, որն արծարծում է համայն հայության, մասնավորապես՝ ֆրանսիահայերի մշակութային, կրթական, համայնքային պահանջները, կարիքները, խնդիրները և դրանով հանդերձ զերծ է քաղաքական որևէ դիրքորոշումից»,-նշեց Գլխավոր հանձնակատարը:
Հյուրերը իրենց հերթին ողջունեցին հոկտեմբերին կազմակերպվելիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովը և հետաքրքրվեցին գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերով: Ժիրայր Չոլաքյանը ցանկություն հայտնեց հանդիպել «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիր չորրորդ փուլի մասնակիցներին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են սփյուռքում հայկական դպրոցների, հայերենի, մշակույթի, երգի-պարի պահպանումը: