Համախմբենք սփյուռքի ջանքերը՝ ի պաշտպանություն Հայաստանի

13 Սեպտեմբերի 2022

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հարձակում է գործել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ներառյալ Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 49 զոհ: Կան նաև վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շարքերում:

Աշխարհասփյուռ հայությանը կոչ ենք անում համախմբվել, գործի դնել բոլոր հնարավոր ջանքերը՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office