Զարեհ Սինանյանն ընդունեց Ռազմիկ Փանոսյանին
20 Սեպտեմբերի 2022
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանին: Այս օրերին Երևանում կայանում է «Հայկական սփյուռքի հետազոտության» (The Armenian Diaspora Survey) շնորհանդեսը, որը ուսումնասիրել է սփյուռքում առկա հանրային կարծիքը, ինչպես նաև հայկական համայնքներում առկա հարցերն ու մտածելակերպի առանձնահատկությունները: «Ուսումնասիրությունն իրականացվել է 10 երկրի 40 համայնքում 2018-2022 թվականներին՝ ընդգրկելով ավելի քան 13 հազար սփյուռքահայի»,-նշեց Ռազմիկ Փանոսյանը:
Ողջունելով հյուրին՝ Գլխավոր հանձնակատարը անգնահատելի համարեց Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի գործունեությունը հայկական սփյուռքի ուսումնասիրության, արևմտահայերենի պահպանման, հայկական կրթության զարգացման, կրթաթոշակների տրամադրման և այլ ուղղություններով: «ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում արևմտահայերենի պահպանությանը հատուկ ուշադրություն է հատկացվել: Մենք լիահույս ենք, որ Հայաստանում արևմտահայերենի ուսուցման և դասավանդման գործուն քայլեր կձեռնարկվեն: Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի փորձը, մասնավորապես մանուկներին արևմտահայերեն ուսուցանելու և ուսուցիչներին վերապատրաստելու մասով, իրապես շատ կարևոր է այս ճանապարհին»:
Գլխավոր հանձնակատարը ևս մեկ անգամ Ռազմիկ Փանոսյանին սիրով հրավիրեց որպես բանախոս մասնակցելու հոկտեմբերին Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում արևմտահայերենի պահպանման և զարգացման որոշ գործնական քայլեր: