Տեղի ունեցավ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2022 ծրագրի բացման արարողությունը
25 Սեպտեմբերի 2022
Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2022 ծրագրի բացման արարողությունը, որն իրականացվում է երկրորդ տարին անընդմեջ և վերապատրաստման հնարավորություն է ընձեռում հայ համայնքների երիտասարդ առաջնորդներին:
Ծրագրին մասնակցում են 20 երիտասարդներ 12 երկրներից՝ ԱՄՆ, Հնդկաստան, ԱՄԷ, Գերմանիա, Բելգիա, Իսպանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Չեխիա, Ռուսաստան, Սիրիա, Ղրղզստան:
«Շատ ուրախ եմ, որ միացել եք մեր ծրագրին և Հայաստանում եք։ Անցյալ տարի ծրագիրն իրականացվեց բավականին ծանր հետպատերազմյան պայմաններում: Այս տարի ևս մեր երկիրը ծանր իրավիճակում է, և ձեր այստեղ լինելը խոսում է հայրենիքին աջակցելու պատրաստակամության մասին»,- ընդգծեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Մասնակիցներն ակտիվորեն ներգրավված են իրենց համայնքների գործունեության մեջ, ցանկանում են ամրապնդել Հայաստան-սփյուռք հարաբերությունները, պաշտպանել Հայաստանի շահերը: Երկու շաբաթ անցկացնելով Հայաստանում՝ նրանք նոր գիտելիքներ կստանա հայրենիքի սոցիալական, տնտեսական, կրթական և այլ ոլորտների վերաբերյալ։ Այնուհետ նրանք կգնան իրենց համայնքներ, որտեղ ողջ տարվա ընթացքում կշարունակեն ակտիվ համայնքային գործունեությունը»,- նշեց ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանը։
Այս տարվա մասնակիցները կհամալրեն նախորդ տարվա մասնակիցների ցանցը։ Բացման արարողությանը ներկա էին ծրագրի գործընկեր Ջինիշյան հիշողության հիմնադրամի առողջապահական ծրագրերի համակարգող Զառա Ջանիբեկյանը, ինչպես նաև գրասենյակի աշխատակիցները և շրջանավարտներից մի քանիսը: Ի դեպ, նրանցից երեքն այս տարի տեղափոխվել են և աշխատում են Հայաստանում։