Սփյուռքի երիտասարդական դեսպանների ինտենսիվ օրակարգը մեկնարկել է
29 Սեպտեմբերի 2022
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցները սկսել են իրենց հագեցած օրակարգով հանդիպումները, այցելություններն ու դասընթացները: Առաջին օրվա ընթացքում նրանք հանդիպեցին Repat Armenia հիմնադրամի ղեկավար Վարդան Մարաշլյանի հետ՝ քննարկելու պետություն-սփյուռք հարաբերությունների միջազգային փորձը։ Այնուհետ, մեր գրասենյակի հայրենադարձության գծով համակարգող Հովհաննես Ալեքսանյանը ներկայացրեց Հայաստան տեղափոխվելու առկա մարտահրավերները և հնարավորությունները։
Օրվա 2-րդ կեսին մասնակիցներն այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն և ծաղիկներ խոնարհեցին, շրջեցին նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։
Օրվա ավարտին Renderforest Armenia ընկերության մարդկային ռեսուրսների թիմի ղեկավար Վարդուհի Գումրույանը կիսվել է Հայաստանում մասնագիտական հայրենադարձության հնարավորություններով: Օրն ավարտվել է հայրենադարձների հետ քննարկում-հանդիպմամբ:
Երկրորդ օրվա ընթացքում Սփյուռքի երիտասարդական դեսպանները քննարկումներ ունեցան կրթական ծրագրերի շուրջ, հանդիպեցին Teach for Armenia հիմնադրամի ներկայացուցիչների հետ և զրուցեցին «Վերափոխելով երկիրը՝ կրթության միջոցով» թեմայով: M.A.M. կրթական հարթակ այցը մասնակիցներին տպավորեց հայոց լեզվի հեռավար դասավանդման նորագույն մեթոդներով: Կրթական հարթակի ներկայացուցիչների հետ սփյուռքի երիտասարդ դեսպանները քննարկվեցին սփյուռքահայերի համար հայերենի առցանց դասընթացների հնարավորությունները։
Օրվա մյուս մասում մեր գրասենյակի մեդիա թիմը դասընթաց անցկացրեց սոցիական ցանցերում գործունեության և հանդիպումների լուսաբանման վերաբերյալ: Օրվա փակման համար յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց իր համայնքները և տեղեկություններ փոխանցեց մյուս մասնակիցներին: