Ավարտվեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի առաջին փուլը

14 Հոկրեմբերի 2022

Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի առաջին՝ հայաստանյան փուլի փակման միջոցառումը:

Միջոցառմանը ներկա էին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի առողջապահական ծրագրերի ղեկավար Զառա Ջանիբեկյանը, ծրագրի աշխատանքային խմբի ներկայացուցիչները և, իհարկե, մասնակիցները:

Ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանն ամփոփեց անցած երկու շաբաթների ընթացքում իրականացված աշխատանքները, շնորհակալություն հայտնեց ներգրավված անձանց և կառույցներին, նաև ներկայացրեց մինչև 2023 թ. օգոստոսը մասնակիցների կողմից իրականացվելիք աշխատանքների հիմնական ուղղությունները:

Հանձնակատար Զարեհ Սինանյանը, հաջողություն մաղթելով երիտասարդ դեսպաններին իրենց հետագա գործունեության մեջ, կարևորեց յուրաքանչյուրի ակտիվ ներգրավվածությունը ծրագրում, ընդգծեց 2021 թ. ծրագրի մասնակիցների հետ համագործակցությունը, միջհամայնքային կապերի ուժեղացման և Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդման գործում երիտասարդության դերի կարևորությունը:

Մասնակիցներից Անուշ Գասպարյանը՝ Հնդկաստանից, և Կամո Մամիկոնյանը՝ Ռուսաստանից, խմբի անունից իրենց շնորհակալական խոսքը հղեցին ծրագիրն իրականացնող թիմին՝ ծանրաբեռնված, լեցուն, բայց բովանդակային և արդյունավետ օրակարգ ունենալու համար, որն անպայման իր ազդեցությունը պիտի ունենա համայնքներում իրենց կողմից իրականացվող աշխատանքներն ավելի կազմակերպված առաջ տանելու գործում:

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեկամյա է: Հայաստանում երկշաբթյա վերապատրաստումից հետո մասնակիցներից յուրաքանչյուրը շարունակելու է աշխատել  իր համայնքում՝ կազմակերպելով համայնքային հանդիպումներ, միջհամայնքային աշխատանքների փորձի փոխանակման ձեռնարկներ, սոցիալական հարթակներում և լրատվական միջոցներում Հայաստանի, գրասենյակի, սփյուռքահայերի ներգրավվածությամբ իրականացվող այլ ծրագրերի վերաբերյալ հրապարակումներ և տեղեկատվական նախաձեռնություններ, որոնց կանդրադառնանք մեր հետագա հրապարակումներում:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office