Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Ֆրանսիա
08 Դեկտեմբերի 2022
Ֆրանսիա կատարած աշխատաքային այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Փարիզում մասնակցել է Ֆրանսահայերի խորհրդի կողմից կազմակերպված հանրային քննարկմանը, որը կրում էր «Սփյուռքն այսօր և վաղը. նրա դերը Հայաստանի զարգացման գործում» խորագիրը:
Հանդիպման մեկնարկին Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանը շնորհակալություն հայտնեց Գլխավոր հանձնակատարին մասնակցության համար: Խորհրդի անդամները շնորհավորեցին Զարեհ Սինանյանին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի հաջող ընթացքի և բարձր մակարդակով անցկացման համար:
«Ուրախ եմ, որ Ֆրանսահայերի խորհրդի հետ մեր գրասենյակի համագործակցությունը գնալով սերտանում է: Ոգևորիչ էր տեսնել խորհրդի ղեկավար կազմին Համաշխարհային հայկական գագաթնաժողովում և՛ բանախոսների, և՛ մասնակիցների շարքում»,-նշեց Գլխավոր հանձնակատարը: Զարեհ Սինանյանը խոսեց նաև գագաթնաժողովին հաջորդող քայլերի, Հայաստան-սփյուռք նոր ռազմավարության ուղղությունների մասին:
Քննարկման ընթացքում հարցեր ուղղվեցին Ֆրանսիայի հայ համայնքի, սփյուռքի ինքնակազմակերպման, Հայաստան-սփյուռք համագործակցության ուղղությունների մասին: Խորհրդի անդամները ներկայացրին նաև 2023 թվականի փետրվարին կայանալիք տնտեսական ֆորումի ձևաչափը:
Հանդիպման մասնակիցների շարքում էին Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը, «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2022 ծրագրի մասնակից Տիգրան Եղիազարյանը, Ֆրանսիայի տարբեր քաղաքներից առցանց միացած ներկայացուցիչներ և այլք: