ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի շնորհավորական խոսքը
30 Դեկտեմբերի 2022
Սիրելի՛ հայրենակիցներ,
2022 թվականը մոտեցավ իր ավարտին: Այս տարի մեր հայրենիքը բախվեց և շարունակում է բախվել անվտանգային լուրջ մարտահրավերների՝ մնալով հավատարիմ իր անկախությանն ու ժողովրդավարությանը, զարգացման ճանապարհին: Այսօր ևս, երբ աշխարհը տոնում է Նոր տարին, Արցախում 120 հազար խաղաղ հայ բնակիչ արդեն 3 շաբաթ գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ՝ էթնիկ զտման վտանգի առջև:
2022-ը մարտահրավերային էր նաև ողջ աշխարհի համար: Աշխարհաքաղաքական նոր իրողություններն իրենց անխուսափելի անդրադարձ են ունեցել նաև հայ համայնքների կյանքում՝ ոմանց համար դառնալով ճակատագրական: Դրանք նաև էականորեն ազդել են հայրենադարձության գործընթացի տարբեր փուլերի վրա՝ անկախ Հայաստանի պատմության մեջ սահմանելով ՀՀ քաղաքացիության ստացման աննախադեպ նշաձող:
Դժվարին այս պայմաններում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հաստատակամորեն շարունակել է իր բոլոր ծրագրերը, հայրենադարձության ուղղությամբ մեծածավալ աշխատանքները, գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ աջակցության տրամադրումը ճգնաժամային համայնքներից ժամանած մեր հայրենակիցներին, ներդրումային խորհրդատվությունները և այլն: 2022-ը մեզ համար նաև նշանավորվեց Համաշխարհային հայկական գագաթնաժողովի անցկացմամբ, որն իր ձևաչափով, տրամաբանությամբ, ներառականությամբ և բովանդակությամբ բոլորին նոր էջ բացեց սփյուռքի համար անցկացվող միջոցառումների և հավաքների պատմության մեջ: Այն բաց հարթակ էր բոլորի համար՝ պետական պաշտոնյաներից մինչև համայնքային տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, գործընկերներ և մասնավոր հատված:
Սփյուռքի սիրելի քույրեր և եղբայրներ,
Մեր հայրենիքը շարունակում է անցնել որոշիչ ճանապարհով՝ ատամներով պահելով հայ մարդու հազարամյա երազանքը՝ ապրել իր ազատ ու անկախ պետությունում և լինել նրա արժանապատիվ քաղաքացին: Այս ճանապարհը միայնակ հաղթահարել հնարավոր չէ, և մենք կարիք ունենք համահայկական համախմբման: Սփյուռքում միասնականությունը, հայկական շահերի պաշտպանվածությանն ուղղված նախաձեռնությունների ընդլայնումը և առողջ երկխոսությունը կարող են լինել հայ ժողովրդին ուժ տվող և առաջ մղող կարևոր հանգամանքներ: Մենք Հայաստանում և Արցախում իրապես կարիք ունենք զգալու սփյուռքի ուժը և էներգիան: Ուրեմն եկեք շարժվենք առաջ նույն ուղին բռնած՝ որպես բարձրագույն արժեք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարատևությունը:
Թող 2023-ը լինի խաղաղության, վերելքի ու զարգացման տարի Հայաստանում, Արցախում և սփյուռքի բոլոր հայ համայնքներում: Թող հարատևի մեր միակ հայրենիքը՝ իր անկախությամբ և ինքնիշխանությամբ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: