Գլխավոր հանձնակատարին ներկայացվեց «Դիասֆերա» հավելվածը
13 Հունվարի 2023
Նոր հավելված՝ համախմբելու աշխարհի հայերին:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Ռուսաստանի Սարատով քաղաքի Հայոց ազգային համակարգի ներկայացուցիչներ Անրի Մարտիրոսյանինն և Վլադիմիր Կրտյանին։ Նրանք ներկայացրին իրենց կողմից մշակած «Դիասֆերա» հավելվածը, որը հնարավորություն է ընձեռում աշխարհի տարբեր վայրերում գտնվող հայերին կապ հաստատել միմյանց հետ, հաղորդակցվել, ինչպես նաև օգտվել հավելված կրթական և տեղեկատվական հնարավորություններից: «Հաշվի առնելով տեխնոլոգիական զարգացումները՝ մենք ստեղծեցինք այս հավելվածը, որը թույլ կտա առավել ցանցային դարձնել սփյուռքը: Մենք երկար ենք աշխատել մեթոդաբանության ուղղությամբ, որպեսզի այն օգուտ բերի և՛ սփյուռքի համայնքներին, և՛ անհատ օգտատերերին»,-նշեցին հավելվածի հեղինակները:
Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն հայտնեց ներկայացման և սերտ համագործակցության համար՝ նշելով, որ սա գրասենյակի և Սարատովի հայերի միջև փոխգործակցության լավագույն օրինակներից մեկն է: Այնուհետ գրասենյակի մասնագետները հավելվածի վերաբերյալ ուղղեցին իրենց հարցերը և բարեփոխումների առաջարկներով հանդես եկան: