Գլխավոր հանձնակատարը մասնակցել է EU4IMPACT ծրագրի տարեկան ամփոփանը
25 Հունվարի 2023
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է միգրանտների, վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված կամ ստեղծվելիք բիզնեսների զարգացմանն աջակցելու նպատակով իրականացվող EU4IMPACT ծրագրի 2021-2022 թթ. փուլերի արդյունքների ամփոփմանը: Ծրագիրը իրականացվում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի կողմից:
Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՄՔՄՄԿ հայաստանյան թիմի ղեկավար Քարել Հոֆսթրան և այլք:
Դրամաշնորհ ստացած և Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող 59 շահառուներ ստացան մասնակցության հավաստագրեր: Շահառուների կողմից առաջարկվող բիզնես գաղափարները բազմազան են և, մասնավորապես, իրականացվելու են ծառայությունների մատուցման, արտադրության և գյուղատնտեսության ոլորտներում:
«Յուրաքանչյուրս, անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում, ցանկանում ենք հայտնվել հայրենիքում, որպեսզի կարողանանք ի կատար ածել մեր ցանկությունները: Ես շնորհակալ եմ ծրագրի կազմակերպիչներին: Անհամբեր սպասում ենք նաև շոշափելի արդյունքներին»,-նշել է Զարեհ Սինանյանը:
Ծրագիրը շարունակվելու է մինչև 2024 թ-ի սեպտեմբեր: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թ-ի հունվարի 31-ը:
Ծրագրին մասնակցելու համար հայտ ներկայացնելու միջոցով շահառուները կարող են ստանալ 2 000-ից մինչև 10 000 եվրո դրամաշնորհ, որը կհամալրվի շահառուի կողմից հատկացվող հավասար համաֆինանսավորմամբ: Շահառուների անհատական կարիքները հաշվի առնելով՝ ծրագրի գործընկեր «Իրիս բիզնես ինկուբատոր» հիմնադրամը կազմակերպում է բիզնեսի կառավարման դասընթաց, ինչպես նաև ընթացիկ խորհրդատվություն է տրամադրում շահառուներին։