Զարեհ Սինանյանը հանդիպել է Նիժնի Նովգորոդի հայ համայնքի խորհրդի հետ
25 Հունվարի 2023
Ռուսաստանի Դաշնություն այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Նիժնի Նովգորոդի մարզի հայ համայնքի խորհրդի անդամներին` ի դեմս խորհրդի նախագահ, Նիժնի Նովգորոդի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս Աղասի Ալեքյանի։ Իր Զարեհ Սինանյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել համայնքում իրականացվող աշխատանքների, տեղի իշխանությունների կողմից բարձր գնահատականի արժանանալու և իրենց գործունեությամբ Հայաստանի ու հայերի հեղինակությունը բարձր պահելու համար։
Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի ընթացիկ աշխատանքներն ու ծրագրերը, ապա պատասխանել կրթության, գիտության, մշակույթի, բիզնեսի ոլորտներին, համայնքների զարգացմանը, սփյուռքի ներուժին, համայնքի և գրասենյակի արդյունավետ հաղորդակցությանը և թեմաների վերաբերող հարցերի։
Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց ծրագրերը և բարձրաձայնել խնդիրներ, որոնց լուծման գործում ակնկալում են գրասենյակի անմիջական աջակցությունը։
Հանդիպման ավարտին Զարեհ Սինանյանը գրասենյակի կողմից շնորհակալագրեր է հանձնել խորհրդի նախագահ Աղասի Ալեքյանին` Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդի մարզի հայ համայնքի զարգացման և Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում նշանակալի ավանդի համար, հայ համայնքին կից «Նաիրի» հայկական ժողովրդական պարի անսամբլի ղեկավար Կարինե Քոչարյանին` ազգային ավանդույթների և մշակույթի պահպանման գործում նշանակալի ավանդի համար և Լոբաչևսկու անվան միջազգային հարաբերությունների և համաշխարհային պատմության ինստիտուտի հայագիտության կենտրոնի տնօրեն Ռեգինա Սաֆարյանին` հայոց լեզվի և ազգային կրթության պահպանման ու զարգացման, մարզի հայ համայնքի զարգացման և Հայաստան-սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում նշանակալի ավանդի համար։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ համագործակցությունը։
Հունվարի 25-27-ը Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը կշարունակվի Մոսկվայում։