«իԳործ» 2022-ի առաջին կիսամյակի ամփոփում
03 Փետրվարի 2023
ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2022 թ. մասնակիցներն ամփոփեցին իրենց գործունեության առաջին 6 ամսիների արդյունքները: Այժմ 48 մասնագետներ աշխատում են Հայաստանի և Արցախի 24 գերատեսչություններում:
Հանդիպման սկզբում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ ծրագիրն արդեն 3-րդ տարին արդյունավետորեն իրականացվում է՝ հնարավորություն ընձեռելով սփյուռքի մասնագետներին իրենց ներդրումն ունենալ հայրենիքի պետականաշինության գործում: «Տեսնելով մինչ այս ունեցած հաջողությունները, իրականացված տասնյակ ծրագրերը՝ մենք հավատարիմ ենք մնաում այն գաղափարին, որ սփյուռքը գնալով ավելի լայն ներգրավվածություն պետք է ունենա Հայաստանի կառավարման օղակներում»,-շեշտեց Զարեհ Սինանյանը: Նա ընդգծեց նաև, որ նախորդ տարիներին հայրենադարձված մասնակիցները մեծաթիվ են և հույս հայտեց, որ «իԳործ» 2022-ի մասնագետները ևս Հայաստանը կդիտարկենք որպես իրենց բնակության և աշխատանքի մշտական վայր:
Այնուհետ ծրագրի մասնակիցները խոսեցին իրենց նախաձեռնությունների, նոր ծրագրերի, խնդիրների և հնարավորությունների մասին: